Այսօր՝ փետրվարի 27-ին, ավարտվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» եռօրյա «Մեծ Մարգարե» զորավարժությունը, որն անցկացվում էր երկրի հարավային, հարավ-արևմտյան հատվածում ու Պարսից ծոցում: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը:
Փետրվարի 25-ին Պարսից ծոցի Հորմուզի նեղուցում մեկնարկած զորավարժությանը մասնակցել են կորպուսի ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերը:
Վարժանքների առաջին օրը իրանական զինված ստորաբաժանումները ռազմական մոտորանավակներից հրթիռներ են արձակել այդ նպատակով կառուցված ամերիկյան Nimitz դասի ավիակիր նավերի չափերով ու նմանությամբ կառուցված կեղծ ավիակիր-թիրախի վրա: Այնուհետ թիրախի վրա արձակվել են նաև իրանական «Նասր» թևավոր ու «Պարսից ծոց» բալիստիկ հրթիռներ:
Զորավարժության երկրորդ օրը վարժանքներ են արել ցամաքային ստորաբաժանումները՝ այդ ընթացքում կիրառելով հետախուզական անօդաչու թռչող սարքեր ու այլ սպառազինություն:
Վարժանքների երրորդ փուլում կորպուսի ռազմածովային ստորաբաժանումները կիրառել են նոր «ռազմավարական զենք», որի ընդունումը սպառազինության մեջ, ըստ պահապանների կորպուսի ծովակալ Ալի Ֆադավիի, որոշիչ դեր կխաղա իսլամական հեղափոխության դեմ վտանգների չեզոքացման գործում:
Իրանական Presstv.ir լրատվական կայքի ռեպորտաժը ներկայացնում է զորավարժության ընթացքը.