ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Դավիթ Վիրաբյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 27-ին ստորագրել է հրամանագիր, որով ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակել Դավիթ Վիրաբյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյան

ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյան

Հրամանագրում նշված է.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Դավիթ Վիրաբյանին նշանակել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա):

Ավելացնենք, որ մինչ այդ Դավիթ Վիրաբյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի պետի պաշտոնը: Միաժամանակ՝ հանդիսանում է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի, հայ-ռուսաստանյան ու հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների անդամ:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *