Օրենքի նախագծով՝ զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն պատասխանատվությունից

Այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սփյուռքի նախարարության առաջարկած օրենքի նախագծին, որով նախատեսվում է դիմել Ազգային ժողովին՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

ՀՀ կառավարության՝ 2015թ. փետրվարի 26-ի նիստը

ՀՀ կառավարության՝ 2015թ. փետրվարի 26-ի նիստը

Օրենքի փոփոխությանը վերաբերող նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2013թ. դեկտեմբերի 1-ից հետո ծառայությունից խուսափած ու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները 27 տարեկանը լրանալուց հետո էլ հրաժարվում են վերադառնալ Հայաստան, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկվեն: Մինչդեռ, ըստ սփյուռքի նախարարության, եթե այդ անձանց հնարավորություն տրվի ծառայությունից խուսափելու դիմաց վճարել նախատեսված չափով տույժ, նրանք կվերադառնան ու կազատվեն նաև քրեական պատասխանատվությունից:

Որպես փոփոխության հիմնավորում ներկայացվում է նաև այն հանգամանքը, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ներկա տարբերակով գումար վճարելու ու քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն ընձեռված է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ծառայությունից խուսափած քաղաքացիներին:

Իսկ որպես հավելյալ փաստարկ ներկայացվում է այն, որ 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ: Օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ դրա կիրառման արդյունքում ստացած վճարներն ուղղվել են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:

Սփյուռքի նախարարության հիմնավորման համաձայն՝ օրենքի գործողության ժամկետը մեկ տարով՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը, երկարացվելը կհանգեցնի 2014 թվականին և հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում:

Ավելացնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվությունից ազատել 27 տարեկանը լրացած այն անձանց, ովքեր 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, խուսափել են ժամկետային զինծառայությունից, բայց հետագայում տույժեր են վճարել դրա համար: Տույժերը, կախված քաղաքացիների՝ որոշակի սոցիալական խմբերում լինելուց, տատանվում են նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից մինչև 100-ապատիկ սահմաններում, իսկ որոշ դեպքերում քաղաքացիներն ազատվում են դրանք վճարելուց:

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների՝ որպես տույժ վճարած գումարները օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2 responses to “Օրենքի նախագծով՝ զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն պատասխանատվությունից

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն քրեական հետապնդումից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *