Ուկրաինան ռազմական տեխնիկայի ներկրման 20 պայմանագիր է ստորագրել

Փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Աբու-Դաբիում անցկացվող IDEX-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում  հայտարարել է, որ Ուկրաինան  մի քանի տասնյակ միլիոն արժողությամբ ռազմական տեխնիկայի գնման 20 պայմանագիր է ստորագրել մի շարք երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների հետ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն IDEX-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներից մեկում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն IDEX-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներից մեկում

Պորոշենկոն նշել է, որ պայմանագրերը վերաբերում են բացառապես պաշտպանական զենքերի ձեռքբերմանը՝ ավելացնելով, որ Կիևը չի կարող, սակայն, բացահայտել համագործակցության մանրամասները։

Ուկրաինայի նախագահն ավելացրել է, որ Ուկրաինան և Արաբական Միացյալ Էմիրությունները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում փոխհամաձայնության հուշագիր են ստորագրել՝ նշելով, որ ԱՄԷ-ն առաջին երկիրն էր, որը Ուկրաինային տրամադրել է զրահատեխնիկա՝ մասնավորապես Streit Group ընկերության արտադրած Cougar և Spartan զրահապատ մեքենաներ, որոնք օգտագործվել են հակամարտության գոտում։

Պորոշենկոն ընդգծել է այն, որ ամերիկյան, եվրոպական և մերձավորարևեյան ռազմարդյունաբերական ընկերությունների հետ հանդիպումների և ռազմական արտադրանքի գնման պայմանավորվածություններն այդ ընկերությունների հետ ուկրաինացիները ձեռք էին բերել նախապես։

Հիշեցնենք, որ նույն լրատվական գործակալության առավել վաղ հայտնած տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի նախագահը 2015-ի փետրվարի 24-ին մեկնել էր ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբի և այցելել Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում անցկացվող  IDEX-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի տաղավարներում նա ուսումնասիրել էր հիմնականում հետևակային զորամիավորումների համար նախատեսված զենք և ռազմական տեխնիկա։

Նշենք, որ  Պորոշենկոյին ուղեկցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը, իսկ առավել վաղ ցուցահանդեսի տաղավար էր այցելել ուկրաինական նախագահական պատվիրակության հետ ԱՄԷ ժամանած` Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետ Վիկտոր Մուժենկոն։

Ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարը ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է նաև, որ Ուկրաինան նախատեսում է ռուսամետ ուժերի դեմ պայքարի համար իր պաշտպանական համակարգում կատարել մոտ 3 մլրդ դոլարի ներդրում, որից 110 մլն դոլարն ուղղվելու է արտասահմանյան ռազմարդյունաբերական ընկերություններից զենքերի և ռազմական տեխնիկայի գնմանը։

Նշվում է նաև, որ Ուկրաինայի նախագահը և ԶՈւ ԳՇ պետը հանդիպել են ցուցահանդեսին մասնակցող ամերիկյան պատվիրակության հետ և քննարկել Ուկրաինային զենք մատակարարելու հավանականությունը։

Նշենք, որ ցուցահանդեսի ժամանակ Պորոշենկոն այցելել է նաև թուրքական և չինական ռազմարդյունաբերական ընկերությունների տաղավարներ՝ մասնավորապես համեմատաբար ավելի շատ ժամանակ է անցկացրել թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության տաղավարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *