Հարավային Օսիայում ՌԴ ռազմաբազայի ինքնագնաց հրետանային համակարգ է այրվել

Այսօր՝ փետրվարի 25-ին, Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազային պատկանող ինքնագնաց հրետանային համակարգերից մեկի շարժիչը բռնկվել է զորավարժարան տեղափոխելու ճանապարհին։ Անձնակազմը կարողացել է արագ հեռանալ, որից հետո նաև պայթյուն է եղել։ Ինքնագնաց հրետանային համակարգն այրվել է, վիրավորներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի մերձակայքում ապրող բնակիչները (ռազմաբազան Ցխինվալի մերձակայքում է) պայթյունը լսելուց հետո լուրեր էին տարածել, որ իբր ռազմաբազայում այրվում է զինամթերքի պահեստը։

Տեղեկացնենք, որ Հարավային Օսիայում ռուսաստանյան 4-րդ ռազմաբազան տեղակայվել է 2009 թվականից 49 տարի ժամկետով։ Բազան գտնվում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի հրամանատարության տակ։ Ռազմաբազայի անձնակազմը շուրջ 4000 մարդ է, սպառազինված է «Տոչկա-Ու» օպերատիվ հրթիռային համալիրներով, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, տանկերով, հրետանային համակարգերով և այլ սպառազինությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *