ԱՄՆ-ում ներկայացվել են ՀՀ ՊՆ բարեվարքության ամրապնդմանն ուղղված աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ից 25-ը մասնակցել է ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում անցկացվող Բարեվարքության ամրապնդման թեմայով համաժողովին, որը կազմակերպել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը և ՆԱՏՕ-ի Բարեվարքության ամրապնդման նախաձեռնությունը։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը Վաշինգտոնում անցկացված համաժողովի ընթացքում

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը Վաշինգտոնում անցկացված համաժողովի ընթացքում

Մասնակիցների թվում են եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դեսպաններ, դիվանագետներ, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, բարձրաստիճան զինվորականներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։

Համաժողովի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ ՊՆ կողմից Բարեվարքության ամրապնդման և, մասնավորապես, ինքնագնահատման գործընթացը, այդ հայեցակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերը, ակնկալվող ինստիտուցիոնալ մոտեցումները: Հայկական պատվիրակությունը նաև առաջարկություններ է ներկայացրել մասնակցող երկրներին՝ Բարեվարքության ամրապնդման հայեցակարգի զարգացման ու դրա տարածման վերաբերյալ։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դրական են գնահատել և շնորհակալություն հայտնել Արա Նազարյանին անկեղծ ու կառուցողական ելույթի և պատվիրակության ակտիվ մասնակցության համար։ Պատվիրակության վերադարձից հետո համաժողովի արդյունքները կամփոփվեն և կմշակվի Բարեվարքության ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցումների փաթեթ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *