Փետրվարի 24-ին Դաղստանի Խասավյուրտի շրջանի Սուլևքենթ գյուղի մոտ 3 զինված անձինք կրակել են ոստիկանների վրա, երբ վերջիններս կանգնեցրել են նրանց մեքենան՝ ստուգելու համար: Փոխհրաձգության պատճառով ոստիկանության 1 աշխատակից մահացել է, ևս մեկին վիրավոր տեղափոխել են հիվանդանոց։
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դաղստանի ներքին գործերի նախարարությանը։
Փոխհրաձգության արդյունքում զինված անձանցից երկուսը սպանվել են, իսկ երրորդը կարողացել է թաքնվել։ Կատարվում են որոնողական աշխատանքներ։
Հավելենք, որ հարուցվել է քրեական գործ «Ոտնձգություն իրավապահ մարմինների կյանքի նկատմամբ» և «Մի խումբ անձանց կողմից զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Դաղստանում արդեն մի քանի անգամ նման հարձակումներ են եղել ոստիկանության աշխատակիցների վրա։ Մասնավորապես՝ հունվարի 7-ին դարձյալ Խասավյուրտում անծանոթները կրակել էին ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով 2 ոստիկան սպանվել էր, ևս 2-ը վիրավորվել էին։ Սպանվել էր նաև հարձակվողներից մեկը։
Մեկ այլ միջադեպ է գրանցվել հունվարի 15-ին Խասավյուրտում, որի ժամանակ սպանվել է զինված տղամարդ։ Եվս մեկ միջադեպ եղել է հունվարի 27-ին, ոստիկանները ոչնչացրել են երկու զինյալի։
Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը ահաբեկչական, ինչպես նաև նմանատիպ զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։
Pingback: Դաղստանում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել | Ռազմ.info