Պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն այսօր՝ փետրվարի 24-ին, հանդիպել է ԻԻՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գասըմ Ռեզային, որից հետո կողմերի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով իրանական «ԻՐՆԱ» պետական գործակալությանը` չմանրամասնելով, սակայն, թե ստույգ ինչ դրույթներ են պարունակում ստորագրված փաստաթղթերը։
Իրանական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ավարտին մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարը, ով նշել է՝ «թշնամիները մտադիր են քաոս ստեղծել տարածաշրջանում, սակայն մեր նպատակն է կանխել այդ սադրանքն ու այդ նպատակով է, որ Ադրեբջանի հետ կազմակերպվում են գործընկերական հանդիպումներ»։
Գեներալ-մայոր Ռեզային ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Իրանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը ձգվում է շուրջ 650 կմ և զանազան հարցերի քննարկման նպատակով երկկողմ հանդիպումները սահմանապահ գերատեսչությունների միջև պետք է կրեն պարբերական բնույթ։
Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել էր 2014-ի օգոստոսի 17-ին՝ Բաքվում։
Pingback: Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետի իրանյան այցի արդյունքները | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info