Ս-300-ների փոխարեն Ռուսաստանն Իրանին այլ ՀՕՊ համակարգ է առաջարկել

Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական ռազմարդյունաբերական կոնցերնն Իրանին առաջարկել է Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի փոխարեն գնել նույն համակարգերի առավել կատարելագործված «Անթեյ-2500» (Ս-300ՎՄ) տարբերակից: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության, փետրվարի 23-ին՝ Աբու-Դաբիում անցկացվող IDEX-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտնել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ընդ որում, պաշտոնյայի խոսքով, Ռուսաստանն Իրանին առաջարկել է համակարգերի նորագույն տարբերակը՝ Ս-400 համակարգը, սակայն իրանյան կողմը պնդել է, որ տրամադրվեն հենց Ս-300 համակարգեր, ինչի արդյունքում ռուսաստանյան կողմը որոշել է Իրանին առաջարկել Ս-300-ների կատարելագործված տարբերակը:

Իրանին ռուսաստանյան արտադրության, անհայտ մոդիֆիկացիայի Ս-300 զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու մասին պայմանագիրը երկու կողմերը կնքել են դեռևս 2007 թվականին: Համակարգերի համար Իրանը վճարելու էր մոտ 800 մլն ամերիկյան դոլար: Սակայն 2010թ. ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ ու երկրներին արգելեց որոշակի զինատեսակներ մատակարարել Իսլամական Հանրապետությանը: ՄԱԿ-ի սահմանափակումները վերաբերում էին նաև Ս-300 զենիթահրթիռային համակարգերին, ինչի պատճառով Ռուսաստանը կասեցրեց պայմանագրի կատարումը:

Հետագայում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին տարածվում, թե իբր ռուսաստանյան կողմը պատրաստվում է այլ համակարգեր առաջարկել Իրանին, սակայն այդ տեղեկություններն այդպես էլ չէին հաստատվում:

Ավելացնենք, որ հակաօդային պաշտպանության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» զենիթահրթիռային համակարգերն ունակ են ոչնչացնել մինչև 4500մ/վ արագությամբ շարժվող թիրախներ մինչև 200-250կմ հեռավորության վրա (կախված թիրախի տեսակից): Համակարգի արձակած մեկ հրթիռով հակառակորդի բալիստիկ հրթիռի խոցման հավանականությունը 40-70 տոկոս է, ինքնաթիռի դեպքում հավանականությունը հասնում է մինչև 90 տոկոսի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *