Փետրվարի 22-ին Սիրիայում մարտերի ժամանակ զոհվել է վրաստանցի զինյալ Դավիդ Սվիակաուրին, որը նույնպես Վրաստանի հյուսիսարևելյան Ախմետի շրջանից էր (գյուղ Խալացանի) և մարտնչել է Սիրիայում հայտնի վրաստանցի հրամանատար Թարխան Բատիրաշվիլիի հրամանատարության ներքո։
Այս մասին հայտնում է վրաստանյան Frontnews լրատվակայքը։
Ինչպես հայտնում են վրաստանյան լրատվամիջոցները, սիրիական հակամարտության ընթացքում արդեն մահացել է 11 վրաստանցի, որոնցից 10-ը եղել են Պանկիսիի կիրճից (Ախմետի շրջան), 1-ը՝ Աջարիայից։ Նշենք, որ Վրաստանի Ախմետի շրջանը հյուսիսից սահմանակից է Չեչնիային, իսկ արևելքից՝ Դաղստանին։
Սիրիայում կռվող ամենահայտնի վրաստանցին (նույնպես Պանկիսիի կիրճից) Թարխան Բատիրաշվիլին է, նույն ինքը՝ Ումար ալ Շիշանին (Շիշանին արաբերեն Չեչնիան է)։ Բատիրաշվիլին Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման հայտնի հրամանատարներից է։
Դեռ 2014 թվականին ԱՄՆ-ն Բատիրաշվիլիին ներառել է ԻՊ-ի հետ կապ ունեցող ամենավտանգավոր 11 ահաբեկիչների թվում։
Հավելենք, որ երբ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ Սիրիայում սպանված ևս մեկ վրաստանցու մասին, Վրաստանի խորհրդարանը որոշեց օրենքի նախագիծ մշակել, որով պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր օտար երկրներում կմասնակցեն զինված հակամարտություններին։
Հետաքրքիր էր, որ սկզբնական շրջանում օրենքի նախագծով պատժվելու էին նաև Ուկրաինայում կռվող վրաստանցիները, սակայն վերջերս ՆԳն-ն հայտարարեց, որ օրենքը չի տարածվի Ուկրաինայի կառավարական զորքերում կռվող վրաստանցիների վրա։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. փետրվարի 22-28 | Ռազմ.info