Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին 2015-ի փետրվարի 19-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Իսլամական պետության» դեմ պայքարը, էներգետիկ համագոծակցությունը և «Քրդական հարցը»: Այս մասին հայտնում է քրդական Rudaw լրատվակայքը:
Բարզանին նախ Էրդողանի, ապա Դավութօղլուի հետ քննարկել է Քրդական ինքնավարության տարածքում ԻՊ-ի հետ շարունակվող պատերազմը, Իրաքյան Քրդստանի և Իրաքի իշխանությունների բանակցությունների ընթացքը, Թուրքիայի և Քրդստանի քաղաքական ու առևտրատնտեսական հարաբերությունները:
Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Բարզանին անդրադարձել է նաև Թուրքիայում ընթացող «Քրդական հարցի» լուծման գործընթացին` նշելով, որ Քրդական ինքնավարության ղեկավարությունը պատրաստ է օժանդակել հակամարտության խաղաղ լուծման գործընթացին:
Նշենք, որ Բարզանին Թուրքիա է այցելել Բաղդադ այցելելու հաջորդ օրը և առաջինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Քրդական ինքնավարության ֆինանսների և բնական պաշարների նախարարները, ինչպես նաև վարչապետի օգնականը:
Էրդողանի հետ հանդիպումից հետո Բարզանին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուին: Նրանք անցկացրել են մոտ 1,5 ժամ տևողությամբ գաղտնի առանձնազույց, որից հետո հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների պատվիրակությունները:
Նշենք, որ քրդական BasNews լրատվական կայքի հաղորդած տեղեկության համաձայն` Թուրքիան փետրվարի 16-ին 3 բեռնատարներով ռազմական օգնություն էր մատակարարել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող Փեշմերգեի ուժերին:
Ավելացնենք, որ 2014-ի նոյեմբերին՝ Իրաք կատարած այցի շրջանակներում, Դավութօղլուն հանդիպել էր նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի և վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ։ Հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել օգնել Իրաքյան Քրդստանին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաև Իրաքյան Քրդստանից Թուրքիա 2015-ին արտահանել 150 մլն ամերիկյան դոլարի նավթ։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info