Թուրքիան չինական ՀՕՊ համակարգերը կարող է օգտագործել ՆԱՏՕ-ի համակարգերին զուգահեռ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ սեփական ՀՕՊ հրթիռային համակարգի ստեղծման ծրագրի շրջանակներում Չինաստանի առաջարկած համակարգն ինտեգրվելու է Թուրքիայի ազգային պաշտպանական համակարգերին ու զուգահեռ օգտագործվելու է առանց ՆԱՏՕ-ի համակարգերին ինտեգրվելու: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Իսմեթ Յըլմազը նշել է, որ ՀՕՊ հրթիռային համակարգերի գնման մրցույթի ժամկետը 2015-ի հունվարին կայացած պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նիստում երկարացվել է, քանի որ կարիք կար թեկնածու երկրների հետ առավել հիմնավոր բանակցություններ վարել:

Նա ավելացրել է, որ ծրագիրն իրականացվելու է երկրի ներսում` Թուրքիայի ԶՈւ-ի հրամանատարական կազմի վերահսկողությամբ և ինտեգրացիային ուղղված աշխատանքյին փաթեթով լիազորված ազգային ընկերության կողմից: Ծրագիրը ֆինանսավորվելու է նաև արտաքին վարկային ֆինասավորողների կողմից` նշելով, որ ծրագրի շրջանակներում ստացված առաջարկներից բացի նոր պաշտոնական առաջարկներ չեն ընդունվել:

Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայանները։ Սակայն հետագայում Թուրքիան հետ կանգնեց այդ որոշումից՝ չեղյալ հայտարարելով մրցույթի արդյունքները և հայտարարելով մրցույթը շարունակելու մտադրության մասին։

Նշենք, որ ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վրա ճնշում էին գործադրում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, ինչի հետևանքով անիրական է դառնում չինական ընկերության հետ համագործակցությունը։ Նշվում էր, որ չինական համակարգերը չեն կարող օգտագործվել արդյունավետ, քանի որ Թուրքիայի ՀՕՊ ենթակառուցվածքը հիմնված է ՆԱՏՕ-ի չափորոշիչների վրա ու Անկարան չի կարող այս հարցում միանձնյա որոշում կայացնել։

Հիշեցնենք, որ Թուրքիային միջին ու հեռահար ՀՕՊ միջոցներ մատակարարելու 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում են ամերիկյան Patriot PAC-3,  ֆրանս-իտալական Samp/T ու ռուսաստանյան Ս-300-ների հիմքի վրա ստեղծված չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) ՀՕՊ համակարգերը։

Նշենք նաև, որ 2015-ի փետրվարի 17-ին թուրքական Hurriyet Daily News լրատվակայքը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիան դադարեցրել է սեփական մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի ստեղծման բանակցությունները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ մինչև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015-ի ապրիլի 24-ը։

Կայքը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի հաղորդած տվյալներին, փոխանցում էր, որ Թուրքիան ՀՕՊ համակարգերի գնման պայմանագիրը ստորագրելուց առաջ ցանկանում է տեսնել, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում կորդեգրեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *