Թուրքիայում «Գումար ծառայության փոխարեն» օրենքի կիրառումից հավաքված գումարը կուղղվի բանակի արդիականացմանը

Թուրքիայի վարչպետ Ահմեթ Դավութօղլուն 2015-ի փետրվարի 17-ին հայտարարել է, որ «Վճար ծառայության փոխարեն օրենքի շրջանակներում հավաքված 3մլրդ 368մլն թուրքական լիրան (մոտ 1,5մլրդ ԱՄՆ դոլար) ամբողջությամբ օգտագործվելու է Թուրքիայի պաշտպանական համակարգի արդիականացման համար։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու

Դավութօղլուն նշել է, որ օրենքի շրջանակներում ծառայությունից ազատված Թուրքիայի 200 հազար 308 քաղաքացիների վճարումներից հավաքված ողջ գումարը փոխանցվելու է Թուրքիայի «պաշտպանական արդյունաբերության հիմնադրամ»-ին և օգտագործվելու է Թուրքիայի պաշտպանական ոլորտի զարգացման համար։

Նա նշել է նաև, որ օրենքը մինչ այս ևս կիրառվել է՝ 1987, 1992, 1999 և 2002 թվականներին, ընդհանուր առմամբ սահմանված վճարի դիմաց ծառայությունից ազատվել է 193 հազար 147 քաղաքացի և արդյունքում հավաքվել է ավելի քիչ գումար, քան այս տարի։

Հավելենք, որ «գումար ծառայության փոխարեն» օրենքը Թուրքիայում կրկին ներդրվել էր դեռևս 2011-ին, սակայն այն ժամանակ ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ էր վճարել 30 հազար թուրքական լիրա (մոտ 12,3 հազար ԱՄՆ դոլար), իսկ 2014-ի դեկտեմբերին կատարված փոփոխումներից հետո՝ 18 հազար լիրա (մոտ 7,6 հազար ԱՄՆ դոլար)։ Ծրագիրը մեկնարկել է 2014-ի դեկտեմբերի 13-ին և տևել երկու ամիս։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը 2015-ի փետրվարի 13-ին հայտարարել էր, որ «Գումար ծառայության փոխարեն» օրենքից օգտվել է Թուրքիայի մոտ 200 հազար քաղաքացի։

Տեղին է նշել նաև, որ 2014-ի դեկտեմբերի 19-ին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հույս էր հայտնել, որ օրենքից կօգտվի 700 հազար քաղաքացի՝ նշելով, որ ծրագրից ստացված եկամուտները կփոխանցվեն Թուրքիայի պետական «Պաշտպանական հիմնադրամին» և կուղղվեն բանակի արդիականացմանը:

One response to “Թուրքիայում «Գումար ծառայության փոխարեն» օրենքի կիրառումից հավաքված գումարը կուղղվի բանակի արդիականացմանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *