Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Պակիստան, որտեղ երկօրյա այցի շրջանակներում Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ քննարկելու է երկկողմ ռազմատնտեսական հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Այս մասին հայտնում է թուրքական Today’s Zaman լրատվական կայքը:
Անվտանգության վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ առանցքային են լինելու «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի, ինչպես նաև Աֆղանստանում խաղաղության պահպանմանը միտված Թուրքիա-Պակիստան-Աֆղանստան եռակողմ համագործակցության խորացման ու ընդլայման վերաբերյալ հարցերը:
Այցի շրջանակներում կայանալու է նաև Թուրքիա-Պակիստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստը, որը գլխավորելու են Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Հիշենք, որ երկու երկրների՝ 2009-ին հիմնած վարչապետների մակարդակով բարձր մակարդակի համագործակցության խորհրդի գործունեության շրջանակներում մինչ օրս կայացել է 3 հանդիպում՝ 2010-ի դեկտեմբերին Անկարայում, 2012-ի մայիսին Իսլամաբադում և 2013-ի սեպտեմբերին կրկին Անկարայում: Վերջին հանդիպման ժամանակ էլ խորհուրդը վերանվանվել է «Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ»:
Ավելացնենք, որ վարչապետ դառնալուց հետո սա Դավութօղլուի առաջին այցն է Պակիստան: Վերջինիս գլխավորած պատվիրակության մեջ են նաև մի շարք նախարարներ և գործարարներ, հաղորդում է պակիստանյան The Express Tribune լրատվական կայքը:
Նշեն նաև, որ համաձայն պակիստանյան լրատվականների փոխանցած տվյալների՝ երկու վարչապետները մասնակցելու են «Պակիստան-Թուրքիա բիզնես ֆորում-2015»-ին և մշակութային միջոցառումների:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info