ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար կապիտան Արտյոմ Ավետիսյանին առաջադրվել է մեղադրանք՝ առ այն, որ նա ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Ա.Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին:
Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի փետրվարի 16-ին տարածված հադորդագրությունում, որում նշվում է նաև, որ կապիտան Արտյոմ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանության անգործություն, եթե դա առաջացրել է էական վնաս. պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով): Փետրվարի 13-ին ձերբակալված կապիտան Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Կուրսանտի սպանության գործով քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար մեղադրանք է առաջադրվել նաև նրա համածառայակիցներից 4-ին` Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանց նկատմամբ ևս որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info