ԱՄՆ-Ռուսաստան. պայքար Սիրիայի համար

Սիրիական ճգնաժամը գնալով ավելի ու ավելի է վերածվում ռուս-ամերիկյան հակամարտության, որն այսօր ընթանում է նաև տեղեկատվական ոլորտում: Լրատվամիջոցներն ու վերլուծաբաններից շատերը կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հունիսի 12-ի հայտարարությունը, թե Ռուսաստանը հարվածային ուղղաթիռներ է մատակարարում Սիրիային, ռուսական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում:

Ռուսաստանի պատասխանը սպասեցնել չտվեց. հունիսի 13-ին արտգործնախարար Լավրովը և Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը հայտարարեցին, որ ուղղաթիռները դեռ ամիսներ առաջ ուղարկվել էին վերանորոգման: Հադադը հայտարարել է, որ տարածաշրջանային և միջազգային որոշ ուժեր, ովքեր աջակցում են ապստամբներին, սիրիական դեպքերը փորձում են ներկայացնել որպես քաղաքացիական պատերազմ, ինչը արտասահմանյան ներխուժման առիթ կարող է դառնալ:

Սերգեյ Լավրովն իր հերթին նշելէ, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, որն օգնում է սիրիական ապստամբներին, Ռուսաստանը Սիրիային չի տրամադրում որևէ զինատեսակ, որի առաքումն արգելված է միջազգային օրենքներով: Լավրովի հայտարարությունն, իր հերթին, հերքեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

Հունիսի 15-ին ԱՄՆ-Ռուսաստան տեղեկատվական պայքարին ավելացավ ևս մեկ դրվագ, երբ ամերիկյան NBC News-ը, հղում անելով պաշտոնական աղբյուրների, հաղորդեց, թե Ռուսաստանը մի խումբ զինվորականներ է ուղարկել Տարտուսի նավահանգստի անվտանգությունը ապահովելու համար: ՌԴ զինված ուժերի գշխավոր շտաբից այս տեղեկությունը կտրականապես հերքվեց. «Մեր բոլոր նավերը Սևաստոպոլի ռազմակայանում են, բացառությամբ «Ցեզար Կունիկով» դեսանտանավից, որը դուրս է եկել իտալական Մեսինա նավահանգստից և շաբաթ օրը կլինի Սևաստոպոլում: Կամ ամերիկացիների հետախուզությունը լավ չի աշխատում, կամ նրանք դպրոցում աշխարհագրություն լավ չեն սովորել»,- պատասխանել են Ռուսաստանի գլխավոր շտաբից:

Նույն օրը Դամասկոսում մամուլի ասուլիս է հրավիրել Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը և հայտարարել, որ հակամարտող կողմերը չունեն խաղաղ բանակցությունների ցանկություն: Սիրիական իշխանությունները բազմիցս հայտնել են ընդդիմության հետ բանակցություններ վարելու իրենց պատրաստակամության մասին: Այդ են վկայում Ասադի վարչակարգի իրականացրած բարեփոխումները և մայիսին տեղի ունեցած ընտրությունները: Սակայն խնդրի կարգավորումը ընդդիմությունը տեսնում է միմիայն Բաշար Ասադի հեռացումը: Ուշագրավ է, որ այս տեսակետն են հետապնդում նաև ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները:

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Քլինթոնը հայտարարել է, որ քանի դեռ Ասադը չի հեռացել, Սիրիան չի կարող լինել խաղաղ, կայուն և ժողովրդավարական երկիր: Դեռ ապրիլ ամսին, Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ունեցած ինտերնետային հարցազրույցի ժամանակ, սիրիական ընդդիմության անհարդուրժողականության մասին է խոսել նաև Հըզբոլլահի նախագահ Սաիդ Նասրալան: Ըստ նրա` Բաշար Ասադը չի կարող բանակցել ընդդիմության հետ, քանի որ նրանք մերժում են որևէ շփում իշխանության ներկայացուցիչների հետ:

Պատասխանելով բանակցությունների և խնդրի կարգավորման մասին CNN-ի հարցին, Սիրիայի ազգային խորհրդի նորընտիր ղեկավար Աբդուլ Բասեթ Սիեդան նշել է, որ թեև իրենք կողմնակից են խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն չեն կարող հարաբերություններ հաստատել «մարդասպանների խմբի հետ», ովքեր ամեն օր սպանում են խաղաղ քաղաքացիների:

Սիրիական ճգնաժամի զարգացումներում ուշադրության է արժանի նաև ֆրանսիական «Ֆիգարո»-ի տարածած տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը Թուրքիայի սահմանի մոտակայքում գործարկել է ռադիոտեղորոշման կայան: Այն գտնվում է Քեսաբում` ապստամբների ձեռքում գտնվող Ջեբել-Աքրադ բնակավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Սիրիական կառավարական զորքերը ռազմական գործողություն են սկսել այս շրջանի ապստամբների դեմ: Մոտ 1300 մ բարձրության վրա տեղակայված նոր կայանը հնարավորություն է տալիս հետևել նաև Թուրքիայի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

Առաջին հայացքից տեղեկատվական թվացող այս պայքարը և դրան հաջորդող ռազմաքաղաքական գործողությունները վկայում են, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը բեկումնային նշանակություն ունի թե Արևմուտքի, թե Ռուսաստանի համար: Եթե արևմտյան վերլուծաբանները Բաշար Ասադի դեմ պայքարը ներկայացնում են որպես մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիր, ապա ռուսական կողմը սիրիական ընդդիմությանը համարում է ահաբեկիչներ և նշում, որ ոչ մի կերպ չի հանդուրժի արտաքին միջամտություն Սիրիայի ներքին գործերին: Փաստն այն է, որ երկու գերտերությունների ռազմաքաղաքական շահերը բախվում են, ինչն էլ դժվարացնում է սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը:

2 responses to “ԱՄՆ-Ռուսաստան. պայքար Սիրիայի համար

  1. Pingback: ԱՄՆ-ում մտահոգված են, որ ռուսական նավերը կարող են Սիրիա զենք տեղափոխել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *