Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կապիտանի են ձերբակալել

Զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 13-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քրեական գործը հարուցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով և որն էական վնաս է պատճառել»:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական աձնակազմի կողմից դրսեւորված անգործության վերաբերյալ:

Հավելենք, որ  հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևանում տեղակայված զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Զինծառայողի սպանության գործով քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար մեղադրանք է առաջադրվել նաև նրա համածառայակիցներից 4-ին` Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

One response to “Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կապիտանի են ձերբակալել

  1. Pingback: Ռազմական ինստիտուտում սպանության գործով ձերբակալված կապիտանին առաջադրվել է մեղադրանք | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *