Հունաստանը Իսրայելի ու Կիպրոսի հետ կարող է զորավարժություններ անցկացնել Միջերկրականում

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը փետրվարի 11-ին Կիպրոսում հայտարարել է, որ Հունաստանն առաջիկա ամիսներին պատրաստվում է Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ անցկացնել Կիպրոսի, Իսրայելի և հավանաբար նաև Եգիպտոսի հետ: Նախարարը նշել է, որ զորավարժությունները միտված են թուրքական սադրանքներին և Կիպրոսի՝ Միջերկրականի արևելյան հատվածում գազի որոնողական աշխատանքների պատճառով Թուրքիա-Կիպրոս հարաբերությունների լարմանը դիմակայելուն. հայտնում է ամերիկյան «Global post» լրատվական կայքը:

Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոս

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոս

Նշենք, որ Թուրքիայի կողմից 1974-ին Կիպրոսի 1/3 տարածքը օկուպացնելուց հետո թուրք-հունական լարված հարաբերություններն էլ ավելի են սրվել 2014-ին, երբ Թուրքիան  ռազմանավեր է ուղարկել Միջերկրականի այն հատված, որտեղ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում գազաորոնողական աշխատանքներ են տանում կիպրոսյան նավերը:

Կամենոսը Թուրքիայի այս քայլը որակել է բացարձակ սադրանք՝ նշելով, որ իրենք խաղաղություն են ուզում, սակայն պատրաստ են նաև պատասխանել Հունաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության դեմ արված ցանկացած քայլի:

Հունաստանի պաշտպանության նախարարը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում կարևորել է նաև մյուս էներգետիկ խաղացողներին, մասնավորապես Իսրայելին:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա վերջերից լարվող թուրք-կիպրոսյան հարաբերությունների վերբերյալ իսրայելական կողմը միշտ արտահայտվել է հօգուտ Կիպրոսի, իսկ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը նոյեմբերին նշել էր, որ Թուրքիան պարտավոր է հարգել Կիպրոսի՝ Միջերկրականում գազաորոնող աշխատանքներ իրականացնելու իրավունքը:

One response to “Հունաստանը Իսրայելի ու Կիպրոսի հետ կարող է զորավարժություններ անցկացնել Միջերկրականում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8-14 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *