Ավարտվել են «Նոր ուսանողներ, նոր մեթոդներ և նոր գնահատականներ» խորագրով համաժողովի աշխատանքերը

Ս.թ. հունիսի 14-ին ավարտվել են ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 12-ին մեկնարկած Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի կրթության ոլորտի մասնագետների 6-րդ ամենամյա «Նոր ուսանողներ, նոր մեթոդներ և նոր գնահատականներ» համաժողովի աշխատանքները:

Համաժողովի ընթացքում քննարկվել են պաշտպանական ու ռազմական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումներն ու մեթոդները, դասավանդման մեթոդիկան, անհատական մոտեցման ռազմավարությունը, ուսումնական նպատակների նկատմամբ ուսուցման արդյունքների գերակայությունը: Համաժողովին մասնակցել են Հայաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Կանադայի, Չեխիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղազախստանի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մավրիտանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները:

Համաժողովի եզրափակիչ նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԳՀԽ Կոնսորցիումի պաշտոնատար անձինք:
Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է համաժողովի ընթացքում ձեռք բերված գիտելիքների և փորձի կիրառումը ռազմակրթական հաստատություններում, ընդգծել է, որ նմանատիպ միջոցառումները դիտարկվում են որպես տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանակման ֆորումներ:
Հունիսի 15-ին ԳՀԽ կոնսորցիումի մասնագետները ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի հետ անցկացրել են դասավանդման մեթոդաբանության խնդիրներին նվիրված սեմինար-պարապմունք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *