Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փետրվարի 9-ին Կոլումբիայում կայացած հանդիպումից հետո Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան ու Կոլումբիան կնքել են «կարևոր նշանակության» 7 համաձայնագիր. երկու երկրների ղեկավարները քննարկել են ռազմական, քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային և այլ հարցեր:
Այս մասին հայտնում է «Դեյլի սաբահ» թուրքական լրատվական կայքը:
Էրդողանը նշել է, որ իրենք պատրաստվում են Կոլումբիայում բացել «Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալության» (TİKA) մասնաճյուղ, որը կզբաղվի կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացմամբ:
Մամուլի ասուլիսի ժամանակ երկու երկրների ղեկավարները խոսել են նաև հակաահաբեկչական պայքարի, այդ ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտության մասին՝ ահաբեկչությունը համարելով իրենց երկրների ամենամեծ մարտահրավերներից մեկը:
Կոլումբիայի նախագահը կնքված համաձայնագրերից կարևորել է հատկապես գյուղատնտեսական, անասնաբուծության և ձկնարդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը՝ նշել, որ Թուրքիան այդ ոլորտներում առաջատար է Եվրոպայում:
Էրդողանին, ով Կոլումբիա այցելած Թուրքիայի առաջին նախագահն է, դիմավորել են ռազմական ոճով, ինչի համար վերջինս հայտնել է իր գոհունակությունը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Կոլումիցայից հետո այցելելու է նաև Կուբա և Մեքսիկա: Սա թուրքական բարձրաստիճան պատվիրակության երկրորդ այցելությունն է լատինամերիկյան աշխարհամաս: Առաջինը կայացել է 1995-ին: