Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը որոշելու է Վրաստանը • Ինտերպոլը բերման է ենթարկել Վրաստանի ՌԾՈւ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի • ՌԴ-ի հետ համաձայնագրով ուժային կառույցները շարունակելու են մնալ Հվ. Օսիայի ենթակայության տակ • Պուտինը վավերացրել է Աբխազիայի հետ համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիրը • Վրաստանի ՊՆ Մինդիա Ջանելիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
• Վրաստանում կառուցվելիք ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը վերջնական որոշելու է հենց Վրաստանը։ «Այդ որոշումը ոչ թե ՆԱՏՕ-ն է կայացնելու, այլ Վրաստանը, քանի որ այդ տարածքն իրենն է։ ՆԱՏՕ-ի քարտուղարի տեղակալն արդեն մի տարածք ուսումնասիրել է, հաջորդ քայլով Վրաստան կժամանեն մասնագետներ, իսկ ահա վերջում որոշում կկայացնի Վրաստանը»։ Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։
• 2015թ. հունվարի 30-ին Հվ. Օսիայի նախագահ Լեոնիդ Թալիբովը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ պայմանագրի նախագիծն արդեն ուղարկվել է Մոսկվա։ Ռուսաստանի հետ համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը, համաձայն Հարավային Օսիայի սահմանադրության և օրենքներին, պահպանելու է երկրի պետական բոլոր կառույցները: Թալիբովը շեշտել է, որ ՌԴ ԱԳՆ ուղարկված համաձայնագրի նախագծի համաձայն, պաշտպանության նախարարությունը և ուժային մյուս կառույցները մնալու են Հարավային Օսիայի ենթակայության տակ։
• Բրյուսելում Ինտերպոլի աշխատակիցները բերման են ենթարկել Վրաստանի ռազմածովային ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վիկտոր Չելիձեին: Հայրենիքում նա մեղադրվում է պետական գույքի ապօրինի վաճառքի և ծառայողական պարտականությունների չարաշահման համար: Չելիձեին Վրաստանին են հանձնել հունվարի 31-ին, փետրվարի 2-ին հայտնում է ՆԳՆ-ն: Վերջինս 2000-2005 թթ եղել է ՈԾՈւ հրամանատարի լոգիստիկայի և ենթակառուցվածքների գծով տեղակալը:
• Փետրվարի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Աբխազիայի հետ համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վավերացնելու օրենքը: Դեռևս 2015թ․ հունվարի 23-ին այն հաստատել էր Պետդուման, իսկ Աբխազիայի խորհրդարանն այն հաստատել էր 2014թ. դեկտեմբերին: Համաձայնագրով նախատեսվում է, որ ՌԴ-ն հնարավորինս ամրապնդելու է Աբխազիայի միջազգային կապերը՝ աջակցելով նրա միջազգայնորեն ճանաչմանը։ Նշվում է նաև, որ եթե կողմերից մեկի նկատմամբ ագրեսսիայի դրսևորում լինի, ապա դա կդիտվի «ագրեսսիա համաձայնագրի մյուս կողմի երկրի նկատմամբ»։ Նախատեսվում է նաև ՌԴ և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորքերի ստեղծում:
• Փետրվարի 4-ից 5-ը Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպում, որի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն երկկողմ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև մի շարք երկրների պաշտպանության նախարարների հետ: Ջանելիձեն իր պաշտոնակիցներին ներկայացրել է պաշտպանական ոլորտում բարեփոխումներն ու առաջընթացը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի տված փաթեթի դրույթների կատարման ընթացքը:
Ռազմաշաբաթը նաև`
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info