Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Մինչ այդ գեներալ-մայոր Ղահրամանյանը զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:
Ավելացնենք, որ ռազմական ինստիտուտի պետի պաշտոնն ազատ էր մնացել այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին ինստիտուտի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր պաշտոնից:
Ինստիտուտի պետի պաշտոնանկությունը կապված էր 2015-ի հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ։
Գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանից բացի, ինստիտուտում պաշտոններից ազատվել է ևս մոտ 30 սպա: Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովում Սեյրան Օհանյանը հայտնել է, որ նրանց «մի մասը կազատվեն զինված ուժերից, [մյուս մասն էլ] կնշանակվեն ավելի ցածր պաշտոնների և ռազմական ինստիտուտից կտեղափոխվեն զորքեր»։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info