Այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց է ուղղել Սեյրան Օհանյանին ռազմական ուսումնարանում սպանված կուրսանտի գործի վերաբերյալ:
Պատգամավորը հարցրել է, թե արդյո՞ք դեպքի հետ կապված կլինեն պաշտոնանկություններ, թե՝ ոչ։ Հայաստանյան Արմենպրես լրատվական գործակալության հաղորդմամբ, Սեյրան Օհանյանն ասել է.
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն արդեն իսկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Բացի այդ, իմ հրամանով ազատվելու են երեք տեղակալներ, համալրման, զորքերի ծառայության և դաստիարակչական աշխատանքների համար պատասխանատու բաժանմունքների պետերը և մի շարք այլ անձնավորություններ՝ մինչև 30 հոգի, որոնց մի մասը կազատվեն զինված ուժերից, [մյուս մասն էլ] կնշանակվեն ավելի ցածր պաշտոնների և ռազմական ինստիտուտից կտեղափոխվեն զորքեր»։
Պաշտպանության նախարարը հավելել է նաև, որ սպանությունը եղել է միջանձնային հարաբերությունների տիրույթում ծագած վիճաբանության արդյունքում։
«Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ ծեծկռտուք է եղել, որին էլ արդեն հաջորդել է սպանությունը»,- ասել է նախարարը։
Հավելենք, որ հունվարի 29-ին ռազմական ինստիտուտում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Հունվարի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել սպանվածի 4 համածառայակցի։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։