Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը փետրվարի 3-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է կառավարության նեկայացրած օրինագիծը, որով նախատեսվում է մեկ տարով երկարաձգել Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի զորամիավորման տեղակայման ժամկետը։
Ներկայացված օրինագծում նշվում էր, որ անհրաժեշտ է փետրվարի 10-ից մեկ տարի ժամկետով երկարացնել Ադենի ծովածոցում, Սոմալիի ափամերձ շրջաններում, Արաբական ծովում և կից ծովային տարածքներում Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ զորամիավորման ծառայության ժամկետը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ այս զորամիավորումը զբաղվում է ծովահենության, ծովային ավազակություննների և քաղաքացիական նավերը զինված հարձակումներից պաշտպանելու գործով։
Նշենք, որ Թուրքիան Ադենի ծովածոցում Սոմալիի ծովահենների դեմ պայքարելու նպատակով մեկ տարով ռազմածովային խումբ տեղակայելու որոշում կայացրել էր դեռևս 2009-ին, որից հետո հինգ անգամ արդեն երկարացրել է տեղակայելու թույլտվությունը։ Օրինագծում նշվում է, որ Թուրքիայի զորամիավորումները Սոմալիում իրականացվող որևէ ցամաքային գործողության չեն մասնակցելու։
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Ֆրանսիայի, Ջիբութիի, Նիդեռլանդների, Մավրիկիոսի և Մոզամբիկի զինված ուժերը 2015թ. հունվարի 28-ից փետրվարի 5-ը մասնակցում են Աֆրիկայում ԱՄՆ զինված ուժերի կազմակերպած Cutlass Express-2015 ծովային զորավարժությանը, որն անցկացվում է Աֆրիկայի արևելյան ափամերձ շրջաններում՝ Հնդկական օվկիանոսում։ Զորավարժության նպատակը ծովահենության դեմ պայքարում համատեղ մարտավարություն մշակելն է։