Վրաստանում կառուցվելիք ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը վերջնական որոշելու է հենց Վրաստանը։ «Այդ որոշումը ոչ թե ՆԱՏՕ-ն է կայացնելու, այլ Վրաստանը, քանի որ այդ տարածքն իրենն է։ ՆԱՏՕ-ի քարտուղարի տեղակալն արդեն մի տարածք ուսումնասիրել է, հաջորդ քայլով Վրաստան կժամանեն մասնագետներ, իսկ ահա վերջում որոշում կկայացնի Վրաստանը»։
Այս մասին փետրվարի 2-ին Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։
Լրագրողի այն հարցին, թե ինչ նպատակով է ուսումնական կենտրոնը կառուցվելու, Ապատուրայը պատասխանել է. «Մենք պիտի այնպիսի ուսումնական կենտրոն ստեղծենք, որ իր հնարավորություններով հետաքրքիր լինի Դաշինքի անդամ և գործընկեր պետությունների համար։ Չենք ուզում, որ այն լինի այնպիսին, ինչպիսին բոլորի մոտ է։ Մեր նպատակն է կառուցել այնպիսի կենտրոն և անել այնպիսի առաջարկ, որ հերթափոխով այստեղ գան Դաշինքի անդամ և գործընկեր երկրների զինվորականները»։
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շեշտել է նաև, որ բոլոր այն երկրներից, ովքեր ՆԱՏՕ-ի անդամ չեն, Վրաստանն ամենից շատ է ստանում Դաշինքի աջակցությունը։
«Վրաստանն այնպիսի աջակցություն է ստանում, ինչպիսին ՆԱՏՕ-ն չի տրամադրում Դաշինքին չանդամակցող որևէ երկրի։ Ես հույս ունեմ, որ Վրաստանի ժողովուրդը դա տեսնում է։ Սա վրաստանյան ժողովրդի ընտրության մեր պատասխանն է»,- ասել է Ապատուրայը։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info