Ամերիկայի գլխավորած միջազգային կոալիցիան հունվարի 30-ին Իրաքյան Քրդստանի՝ նավթային պաշարներով հարուստ և ռազմավարական նշանակություն ունեցող Քիրքուք քաղաքում օգնել է քրդական Փեշմերգեի ուժերին հետ մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների գրոհը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությանը:
Ամերիկյան հրամանատարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ կոալիցիոն ուժերն ԻՊ-ի հարվածները չեզոքացնելու և քրդերին աջակցելու համար շուրջ 32 օդային հարված են հասցրել ահաբեկիչների դիրքերին՝ շարքից հանելով վերջիններիս զրահապատ տեխնիկան, մի քանի մարտական դիրքերը և սարքավորումները:
Համաձայն հայտարարության՝ միևնույն օրը քրդական Փեշմերգեի ուժերն անցել են հակահարձակման և կարողացել են հետ վերցնել քաղաքի՝ ահաբեկիչների նախահարձակման արդյունքում կորցրած 8 կամուրջներից 5-ը, իսկ մյուս 3-ը ազատագրվել են հաջորդ օրը՝ հունվարի 31-ին:
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության գնահատմամբ՝ այս պահին «Իսլամական պետության»՝ մեծ մասշտաբներով գործողություններ իրականացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են և վերջիններիս նախկին հզորությունը կոտրված է:
Նշենք, որ Քիրքուքը, որտեղ կենտրոնացած են Իրաքի նավթային խոշորագույն պաշարները, քրդական Փեշմերգեի վերահսկողության տակ է անցել 2014 հունիսի 12-ին՝ հունիսի 11-ին ահաբեկիչների ներխուժման փորձը ձախողելուց հետո: