Ադրբեջանի բանակում գնդապետը կրակել է զինծառայողին՝ զանգվածային սպանությունը կանխելու համար

Փետրվարի 3-ին ադրբեջանական Azadliq պարբերականը հրապարակել է զինված ուժերում ժամկետային ծառայություն անցնող Չինգիզ Թարվերդիևի հոր հետ հարցազրույցը, որում վերջինս հայտնել է՝ իր որդու հրամանատարը (կոչումով գնդապետ) հունվարի 26-ին հրազենային վնասվածք է հասցրել Չինգիզին գլխի շրջանում, ինչի հետևանքով վերջինս արդեն մի քանի օր է, ինչ Գյանջայի (Գանձակ) հոսպիտալում է՝ անգիտակից վիճակում։

Վիրավոր զինծառայողի հայրը՝ Այդըն Թարվերդիևը

Վիրավոր զինծառայողի հայրը՝ Այդըն Թարվերդիևը

Այդըն Թարվերդիևը պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ 2014-ի հունվարից ժամկետային զինծառայության զորակոչված իր որդին խնդիրներ է ունեցել ծառայության հենց առաջին իսկ օրերից։ Սկզբում նա ունեցել է ուժեղ մրսածություն, սակայն զորամասում նրա առողջական վիճակին ուշադրություն չեն դարձրել։ Այնուհետև զինծառայողը, հոր բնութագրմամբ, ընկնելով դեպրեսիայի մեջ, կտրել է իր երակները, ինչի համար նրան տվել են 5 ամսվա կալանք, որից հետո վերադարձրել ծառայության։

Զրուցակիցը պատմում է, որ միջադեպի օրը՝ հունվարի 26-ին, իրեն զանգահարել է որդու զորամասից մի գնդապետ և ասել, որ իրենք կրակել են Չինգիզին՝ պատճառաբանելով, որ նա ինքնաձիգը ձեռքին ցանկացել է կրակ բացել իր ծառայակիցների ուղղությամբ, ինչը կանխելու նպատակով հրամանատարը ստիպված է եղել կրակ բացել նրա վրա։

Ադրբեջանական Haqqin լրատվակայքը, իր հերթին, փորձել է դեպքի առթիվ մեկնաբանություն ստանալ ՊՆ մամուլի ծառայությունից։ Գերատեսչությունում նշել են, որ միջադեպ իսկապես եղել է, սակայն զինծառայողի հայրը միտումնավոր կերպով նենգափոխում է փաստերը՝ այդ կերպ փորձելով ազատել իր որդուն քրեական պատասխանատվությունից։

Մամուլի ծառայության պաշտոնական պատասխանում նշված է՝ «դեռևս մինչև զինվորական ծառայության զորակոչվելը, Չինգիզը եղել է բավական ագրեսիվ։ Որպես դրա հետևանք նա կացնի հարվածով վնասել է սեփական հորը, ինչպես նաև դանակով հարձակվել երկու եղբայրների վրա։ Զինծառայողի հայրը ևս ընդունել է, որ իր որդին տառապում է նյարդային խանգարումով»։

Նշենք, որ պաշտպանության նախարարությունում անհեթեթություն են որակել այն լուրը, թե զինծառայողը վիրավորվել է սպայի կողմից ՝ հավելելով, որ զինդատախազությունը միջադեպի առթիվ անցկացնում է հետաքննություն։ ՊՆ-ում հաստատել են նաև, որ Չինգիզ Թարվերդիևը նախկինում ստացել է 5 ամսվա կալանք։

2 responses to “Ադրբեջանի բանակում գնդապետը կրակել է զինծառայողին՝ զանգվածային սպանությունը կանխելու համար

  1. Pingback: [լրացված] Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի բանակում գնդապետը կրակել է զինծառայողին՝ զանգվածային սպանությունը կանխելու համար | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *