Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015 թվականի հունվարի 1-ից 31-ն ունեցել են 12 զոհ և 8 վիրավոր*։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 4 կորուստ:

տարբերանշան

տարբերանշան

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

Հունվար ամսվա 12 կորուստներից 10-ը մարտական են, 2-ը ոչ մարտական։ 10 մարտական կորուստներից 4-ը գրանցվել է Տավուշի մարզում, իսկ 6-ը՝ Պաշտպանության բանակում։

Մարտական կորուստ

-Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

-Հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հայկական դիրքերի ողջ երկայնքով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել են նաև Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող: «Նրանցից առաջինը զորակոչվել էր Հադրութի, երկրորդը` Մարտունու զինկոմիսարիատներից», — գրել էր Times.am-ը: Պաշտոնական հաստատում նշված զոհերի համար չեղավ։

-Հունվարի 17-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տարվել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանի մարմինը: Հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել էր նույն գյուղի խաղաղ բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանը:

-Հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել էր զինծառայող, 1995թ ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

-Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը։

” Հունվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում զոհվել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը: Զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից։ Այս մասին Ռազմինֆոյին ասել էր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

” Հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Սկսվել է մարտ, որը տևել է շուրջ կես ժամ։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Ոչ մարտական կորուստներ

” Հունվարի 29-ին Երևանում տեղակայված զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սպանվածի 4 համածառայակիցներին։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

-Հունվարի 17-ի երեկոյան Քարվաճառի տարածքում ավտովթար է եղել, ինչի հետևանքով մահացել է տեղի զորամասերից մեկի սպա Արթուր Վարդևանյանը։
Վիրավորներ

Հունվարի 1-ից 31-ը պաշտոնապես հայտարարվել է 8 վիրավորի մասին։

-Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս իրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը։

-Հունվարի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:

-Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, որի ժամանակ վիրավորվել է 1973թ ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

-Հունվարի 23-ի առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Բերդի ուղղությամբ հակառակորդի դիվերսիան հետ մղելիս ծանր վիրավորվել է Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը։ Բերդի հոսպիտալում բժիշկները պայքարում էին զինծառայողի կյանքը փրկելու համար։ Վերջին տվյալներով զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

-Հունվարի 17-ի երեկոյան Քարվաճառի տարածքում ավտովթար է եղել, ինչի հետևանքով վիրավորվել են մայոր Կարեն Սիմոնյանը և ավագ լեյտենանտ Լավրենտ Հակոբյանը: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

[Ավելացված]

” Հունվարի լույս 29-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի հատվածում վիրավորվել են 2 զինծառայող։ Վիրավոր զինծառայողներն են Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Գրիշա Օթարյանը և Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ , 1967թ. ծնված Սուրիկ Մովսիսյանը։ Զինծառայողները ստացել են բուժօգնություն և նույն օրը  դուրս  գրվել Իջևանի բժշկական կենտրոնից։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Ադրբեջանական բանակի կորուստներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

2 responses to “Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *