Ղրղզստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ասանբեկ Ալիմկոժոևը Թուրքիա կատարած այցի շրջանակներում փետրվարի 2-ին հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Կայքում նշվում է, որ երկու երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերն անցկացրել են փակ գաղտնի քննարկում։ Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլի 24-ին՝ Ղրղզստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը հանդիպել էր Ղրղզստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ասանբեկ Ալիմկոժոևին։ Հանդիպմանը մասնակցել էին նաև Ղրղզստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն ու ռազմական կցորդ գնդապետ Նեբի Գազնելին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին երկկողմ ռազմական համագործակցությունը, ապագա ծրագրերը և դրանց իրականացման մեխանիզմները՝ երկկողմ ռազմական պարտավորությունների շրջանակներում։
Նշենք, որ Ղրղզստանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ մինչև 2014 թվականը Թուրքիան Ղրղզստանին տրամադրել է ավելի քան 12մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն։ Մասնավորապես Թուրքիան Ղրղզստանին տրամադրել է կապի միջոցներ, վառելիք և ինժեներական արտադրանքներ, ավտոմենքենաներ, գիշերային տեսանելիության սարքեր, բժշկակական սարքավորումներ։ Բացի այդ Թուրքիայի ռազմական ուսումնական հաստատություններում վերապատրաստվում են ղրղզական զինվորականների։
Թուրքիան և Ղրղզստանը 2011-ին ստորագրել են նաև զինված ուժերի ֆինանսական համագործակցության համաձայնագիր։ Այդ համաձայնագրի շրջանակներում թուրքական NGS ընկերությունը ղրղզական բանակին հագուստի կտորեղեն է մատակարարում ռազմական հանդերձանք կարելու համար, ինչպես նաև ուսուցանում է Ղրղզստանի պաշտպանության նախարարության դերձակներին, մատակարարում է անհրաժեշտ տեխնոլոգիաներ։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info