Քրդաբնակ գյուղում հարձակվել են զինծառայողների վրա. կա մեկ ծանր վիրավոր

Հունվարի 31-ին Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե գավառի Սալաթալըք գյուղում զինվորականների ուղղությամբ նետել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և քարեր։ Հարձակումների ընթացքում գլխի շրջանում վիրավորվել է զինված ուժերի 24-ամյա ենթասպա Ալի Քըզըլայը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։

Շըրնաքի նահանգապետը այցելել է վիրավորված եթասպա Ալի Քըզըլային

Շըրնաքի նահանգապետը այցելել է վիրավորված եթասպա Ալի Քըզըլային

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ զինծառայողը վիրավորվել է Սալաթալըք գյուղում թուրքական ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության 15-20 հոգանոց ստորաբաժանման բացահայտած մաքսանենգության գործով իրականացվող շրջայցերի ընթացքում։

Վիրավոր զինծառայողին տեղափոխել են Շըրնաքի հիվանդանոց, որտեղ վիրահատել են վերջինիս գլուխը, իսկ հունվարի 31-ին տեղեկացրել են, որ ծանր վիրահատությունից հետո զինվորը հատուկ հսկողության տակ է։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում։ Նշենք, որ Սալաթըք գյուղը թուրք-իրաքյան սահմանին է, իսկ սահմանի այդ հատվածը ներկայումս Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության հսկողության տակ է։ Թուրքական հատվածի բնակիչների մեծամասնությունը և մասնավորապես այդ գյուղի բնակչությունը ևս քրդեր են։

Ընդ որում՝ Թուրքիայի Հաքքարի նահանգի՝ Իրաքին սահմանակից Սամանլը քրդական գյուղում զինվորականների հետ բախումների ժամանակ վերջիններիս կրակոցից հունվարի 26-ին սպանվել  էր մի 25-ամյա գյուղացի։

Տեղին է նշել, որ այդ նահանգը և մասնավորապես Սամանլը գյուղը ևս գտնվում են թուրք-իրաքյան սահմանագծին՝ Սալաթալըթ գյուղի մոտ, իսկ իրաքյան հատվածը գտնվում է Քրդական Ինքնավարության վերահսկողության ներքո։

Սամանլը գյուղում սպանված երիտասարդի հուղարկավորությանը մասնակցած «Քրդական ժողովրդավարական մշակույթի և խորհրդատվության միության» (Kurdî-DER) նախագահ  Համզան Արսլանն իր ելույթում նշել էր, որ կատարվածի պատասխանատվությունը կրում են Թուրքիայի ղեկավարները։ Նրանք միշտ էլ իմացել են, որ Իրաքյան Քրդստանին սահմանակից գյուղերի բնակիչները այցելում են սահմանից այն կողմ մնացած հարազատներին և հակառակը, սակայն ժամանակ առ ժամանակ շահադիտական նկատառումներով իշխանություններն այդ ամնեը ներկայացնում են իբրև մաքսանենգություն և ձերբակալում կամ սպանում են խաղաղ բնակիչների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *