ՌԴ-ի հետ համաձայնագրով ուժային կառույցները շարունակելու են մնալ Հվ. Օսիայի ենթակայության տակ

2014-ի նոյեմբերի 24-ին ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումից հետո, նման համագործակցության պայմանագրի նախագծի մասին սկսեց խոսել նաև Հարավային Օսիան։

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թալիբով

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թալիբով
Նկարը՝ ТАСС գործակալության

2015թ. հունվարի 30-ին այդ երկրի նախագահ Լեոնիդ Թալիբովը հայտարարեց, որ պայմանագրի նախագիծն արդեն ուղարկվել է Մոսկվա։ Ռուսաստանի հետ համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը, համաձայան Հարավային Օսիայի սահմանադրության և օրենքներին, պահպանելու է երկրի պետական բոլոր կառույցները։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, այս մասին հունվարի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Թալիբովը։

Նույն օրը կառավարության նիստի ժամանակ Հարավային Օսիայի նախագահը նշել է, որ ՌԴ-ի և Հվ. Օսիայի աշխատանքային խմբերն ավարտին են հասցրել «Համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը», և համաձայնեցված նախագիծն արդեն ուղարկվել է Մոսկվա։

Թալիբովը շեշտել է, որ ՌԴ ԱԳՆ ուղարկված համաձայնագրի նախագծի համաձայն, պաշտպանության նախարարությունը և ուժային մյուս կառույցները մնալու են Հարավային Օսիայի ենթակայության տակ։

«Ե´վ ՊՆ-ն, և´ ազգային անվտանգության կոմիտեն, և´ ՆԳՆ-ն մնում են մեր հսկողության տակ, և ես էլ մնում եմ գերագույն գլխավոր հրամանատար»,- ասել է Թալիբովը։

Հավելենք, որ  2014թ. նոյեմբերի 26-ին Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Չոչիևը տեղական Ռես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Երկրի ղեկավարությունը պետք է պաշտպանի իր ժողովրդին, այդ իսկ պատճառով նման խնդրանքով մենք դիմել ենք Ռուսաստանին, որպեսզի կնքենք նոր համաձայնագիր, որտեղ առաջին տեղում կլինի ռազմական դաշինքը, միացյալ զինված ուժերի ստեղծումը»։

Այս հարցազրույցին ի պատասխան  2014թ. դեկտեմբերի 8-ին Վրաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Դավիդ Կերեսելիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին անպայման քայլեր կձեռնարկի Մոսկվայի և Ցխինվալի միջև կնքվելիք համաձայնագրին արձագանքելու համար։

Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերի 24-ին Ռուսաստանի ու Աբխազիայի նախագահները ստորագրել են ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիրը՝ 10 տարի ժամկետով և երկարաձգման հնարավորությամբ։

Ընդհանուր առմամբ, համաձայնագրով նախատեսվում է, որ Ռուսաստանը հնարավորինս ամրապնդելու է Աբխազիայի միջազգային կապերը՝ աջակցելով նրա միջազգայնորեն ճանաչմանը։ Համաձայնագրում նշվում է նաև, որ եթե կողմերից մեկի նկատմամբ ագրեսիայի (ռազմական հարձակում) դրսևորում լինի, ապա դա կդիտվի «ագրեսիա (ռազմական հարձակում) համաձայնագրի մյուս կողմի երկրի նկատմամբ»։

Նախատեսվում է նաև ՌԴ և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորքերի ստեղծում, որը կազմավորվելու է ոչ ուշ, քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 1 տարի անց։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում Ռուսաստանի միջոցներով աբխազական բանակն «արդիականացվելու է» ու բերվելու ռուսաստանյան բանակի չափանիշներին։ Իրականացվելու է նաև Աբխազիայի ԶՈւ անձնակազմի վերապատրաստում, ու համալրում ռազմական նոր տեխնիկայով։

Հավելենք, որ ռուս-աբխազական համաձայնագրի կնքումը քննադատեցին ՆԱՏՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, ԱՄՆ-ն, ինչպես նաև Եվրամիության մի շարք երկրներ։

One response to “ՌԴ-ի հետ համաձայնագրով ուժային կառույցները շարունակելու են մնալ Հվ. Օսիայի ենթակայության տակ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *