4 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանին խուլիգանական դրդումներով սպանելու համար

Երևանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Հայկազ Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևանում տեղակայված զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Հունվարի 31-ին  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

Անդրադառնալով միջադեպին` պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ դա չափազանց մեծ ցավ ու ողբերգություն է և թիկունքից հարված է ողջ զինված ուժերին: Լսելով դեպքին առնչվող բոլոր նյութերի մանրամասները` նախարարն իր վրդովմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ որոշ սպաների անհետևողական աշխատանքի, ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով զորամասում գլուխ են բարձրացրել արատավոր բարքերը, որոնց արդյունքում էլ ծնվել է հանցագործությունը: