ՀՀ ՊՆ-ում մեկնարկեց «Նոր ուսանողներ, նոր մեթոդներ և նոր գնահատականներ» ամենամյա համաժողովը

Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների Գործընկերություն Հանուն Խաղաղության Կոնսորցիումի կրթության ոլորտի մասնագետների 6-րդ ամենամյա համաժողովը:

Կրելով «Նոր ուսանողներ, նոր մեթոդներ և նոր գնահատականներ» խորագիրը` այս տարվա համաժողովը միտված է մասնակիցների միջև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական և ռազմական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումների և մեթոդների շուրջ փոխներգործող քննարկումների անցկացմանը:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Ալբանիայի, Բելառուսի, Կանադայի, Չեխիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղազախստանի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մավրիտանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Ամերիայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, Կանադայի արքայական ռազմական ակադեմիայի նախկին դեկան, դոկտոր Ջիմ Բարեթը, ԱՄՆ «Քրիստոնեական համալսարանի» փոխնախագահ, դոկտոր Կատալին Մարտինեսը, ինչպես նաև ԳՀԽ Կոնսորցիումի միջազգային ծագրերի համակարգող Ջոն Քեյնը:

Իր ելույթում կարևորելով Հայաստանում նմանատիպ միջոցառման անցկացումը` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնավորապես ասել է. «Մեր առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները կասեցնելու համար մենք պետք է լինենք փոխգործունակ, նախ և առաջ ինտելեկտուալ տեսանկյունից: Այս փոխգործունակությունը կարող է կենսական գործոն հանդիսանալ այն փխրուն անվտանգային միջավայրին դիմագրավելու համար, որին անմիջականորեն բախվում է Հայաստանը:

Կրթության ոլորտի մասնագետների միջազգային համաժողովը կշարունակվի մինչև հունիսի 15-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *