Հունվարի լույս 29-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի հատվածում վիրավորվել են 2 զինծառայող։ Նրանց տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է հայաստանյան Առավոտ լրատվակայքը։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ զինծառայողների վիճակը լավ է։
Զինծառայողները ստացել են բուժօգնություն և դուրս են գրվել։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, վիրավոր զինծառայողներն են Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Գրիշա Օթարյանը և Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ , 1967թ. ծնված Սուրիկ Մովսիսյանը։
Գրիշա Օթարյանը հիվանդանոց է տեղափոխվել ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերքով և կրծքվանդակի քերծվածքով, իսկ Սուրիկ Մովսիսյանը՝ աջ նախաբազկի հրազենային վերքով։
Հավելենք, որ հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը դիվերսիոն գործողությունների փորձ է ձեռնարկել Տավուշում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info