Հարևան պետությունը ցանկանում է լարված պահել Հայաստանի հետ սահմանները, որպեսզի քաղաքական զիջումներ պարտադրի: Դրա նպատակով ադրբեջանական կողմը շարունակում է զինվել ու մերժողական դիրքորոշում բռնել Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացքում:
Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին հրավիրված ասուլիսում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ասուլիսի ժամանակ Նախարարն ամփոփել է 2014 թվականն ու ներկայացրել 2015 թվականի առաջին ամսվա մի շարք կարևոր հարցեր։
Ամփոփելով նախորդ տարին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ զինված ուժերն իրենց խնդիրը՝ Հայաստանի պաշտպանությունն, իրականացնում են միջազգային բարդ պայմաններում, որոնք էլ իրենց ազդեցությունն են ունենում պաշտպանական քաղաքականության վրա:
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին արած այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե հակառակորդը սահմաններին և շփման գծի երկայքնով ավելի սպառնալից կուտակումներ ունենա, հայկական կողմն իրեն կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունք է վերապահում:
Ըստ Օհանյանի՝ հայկական կողմը հստակ հետևում է Ադրբեջանի գործողություններին՝ լինեն ցուցադրական, թե իրական, ու ցանկացած դեպքում Հայաստանի զինված ուժերը պատրաստ են հասցնել ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ հարվածներ:
«Եթե հակառակորդը մտածում է, որ մենք պահպանելու ենք ստատիկ (նաև տարածքային առումով) կարմիր գիծը հանուն հրադադարի, ապա նա սխալվում է: Մենք այսօր պատրաստ ենք ցանկացած գործողությունների և մենք շփման գիծը և նաև հակառակորդի տարածքը մոտակա խորության մեջ անհրաժեշտության դեպքում կարող ենք վերածել մի թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի»,— ասել է Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով ադրբեջանցիների սադրանքներին դիմագրավելու համար ՀԱՊԿ-ին դիմելու կամ չդիմելու խնդրին` նախարարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ հաշվի առնելով հայկական զինված ուժերի անընդհատ կատարելագործումը՝ վերջին տարիների իրավիճակի սրումները չեն կարող հայկական կողմին ստիպել դիմել ՀԱՊԿ-ին: Նախարարն ավելացրել է, որ հայկական զինված ուժերը լիարժեք կարողանում են լուծել իրենց առջև դրված խնդիրները:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info