ՀՀ ԶՈւ սպառազինության համալրման համար շեշտը դրվում է հայկական ձեռնարկությունների վրա. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունվարի 27-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայկական զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրերին:

Նախարարը նշել է, որ ռազմական կարողությունների ավելացման ուղղությամբ միջազգային համագործակցությունն ուղղվել է Հայաստանի զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի ու ՀՀ և ՌԴ միջև համաձայնեցված «Անդրկովկասում ուժերի և միջոցների հավասարակշռության վերականգնման պլանի» դրույթներին համապատասխան աշխատանքների կատարմանը:

Հայաստանի ու Լեհաստանի հյուրերը ծանոթանում են «Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրանքին

Հայաստանի ու Լեհաստանի հյուրերը ծանոթանում են «Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրանքին

2014 թվականին Հայաստանում բացվել են «Կալաշնիկով» կոնցերնի սպասարկման ու արդիականացման կենտրոնը, ինչպես նաև «Լյուբավա Արմենիա» հայ-լեհական համատեղ ձեռնարկության արտադրամասը:

Սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի շրջանակներում, ինչպես նշել է Սեյրան Օհանյանը, շեշտը դրվում է նաև հայրենական ռազմական արդյունաբերության զարգացմանը: Մշակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի հայեցակարգ, որով նախատեսված է միջոցառումների մեծ ցանկ: 2015-ին այն վավերացվելու է ՀՀ ազգային ժողովի կողմից, ինչն էլ իր հերթին բերելու է ռազմական արդյունաբերության ոլորտի ավելի արագ զարգացման: Իսկ վերջին տարիներին պաշտպանության նախարարությունը ոլորտի զարգացման համար օգտագործում է ոչ միայն տեղական ձեռնարկությունները, այլև օտարերկրա ընկերությունների հետ ստեղծում է համատեղ ձեռնարկություններ:

Հիշեցնենք, որ 2014թ հոկտեմբերի 3-ին հայկական «Ասպար արմս» ընկերության կենտրոնական գրասենյակում, որը նաև ռուսաստանյան «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնն է, բացվել է Հայաստանի Հանրապետությունում «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցչությունը:

Իսկ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը 2014թ հոկտեմբերի 16-ին Չարենցավանում պաշտոնապես բացել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան ու Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը: Հայ-լեհական համատեղ ձեռնարկությունը զբաղվելու է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրելու է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *