Այսօր՝ հունվարի 26-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հատուկ ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված, նախկինում փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վախթանգ Գոմելաուրիին։
Վախթանգ Գոմելաուրին ծնվել է 1975թ դեկտեմբերի 24-ին։ 2001թ ավարտել է ֆիզիկական պատրաստության և սպորտի ակադեմիան։
Դեռևս 1994 թվականին աշխատել է կառավարական թիկնազորի հատուկ ծառայությունում, 2002թ ծառայել է ՆԳՆ-ի ոստիկանության պահակային ծառայությունում։ Մինչև 2013թ վերջինս եղել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավոր թիկնապահը։ 2013 թվականից զբաղեցնում է ՆԳՆ փոխնախարարի պաշտոնը։
Տիրապետում է վրացերենին, անգլերենին և ռուսերենին։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։
Ավելացնենք, որ ներքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Չիկաիձեն իր հրաժարականի մասին դիմումը ներկայացրել էր հունվարի 23-ին։
Նա իր այդ որոշումը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ իբր ես թաքցնում է հանցագործության մասնակիցներին, թեև դա այդպես չէ: Ես բարոյական պատասխանատվություն եմ զգում և դրա համար թողնում եմ պաշտոնս»,- հայտարարել էր Չիկաիձեն։
Նշենք, որ նրա պաշտոնաթողությունը կապված է դեռևս 2006թ հատուկ գործողության ժամանակ սպանված Զուրաբ Վազագաշվիլիի և նրա հոր սպանությունների հետ: Վերջինիս հայրը` Յուրի Վազագաշվիլին սպանվել է հունվարի 20-ին որդու շիրիմի մոտ պայթյունի հետևանքով: