Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը հունվարի 16-ին ռադոէլեկտրոնային խլացուցիչ համակարգի ներդրման «Գյոլգե» (Ստվեր) ծրագրի համար առաջարկությունների փաստաթուղթ է հրապարակել (Request for Proposal), որտեղ ներկայացված էին համակարգի գնման համար հայտարարված մրցույթի պայմանները։
Ստեղծվող համակարգը ներդրվելու է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ինքնաթիռներում, իսկ վերջիններս իրականացնելու են հակառակորդի ռազմածովային և ռազմաօդային ուժերի կապի և էլեկտրոնային այլ սարքավորումների աշխատանքի խափանում։
Հայտարարությանը կից նշված են նաև տեխնիկական և սպասարկման այն պահանջները, որոնք պետք է ապահովի մատակարարը։ Դրանք են՝ համակարգի մշակում, մատակարարում, շահագործման հանձնում, տեխնիկական սպասարկում՝ այդ թվում երաշխիքային պայմաններով։
Ընկերությունները մասնակցության իրենց հայտը պետք է ներկայացնեն մինչև 2015-ի փետրվարի 23-ը։
Ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը նշում է, որ թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը արդեն իսկ զբաղվում է նման համակարգի ստեղծմամբ ու շրջանառվում են կարծիքներ, թե մրցությի՝ նման սեղմ ժամկետներում հայտարարումը պայմանավորված է «Ասելսան»-ին մրցակցային առավելություն տրամադրելու և հնարավոր հայտատու ընկերությունների համար բարդությունների առաջացնելու համար։
Միևնույն ժամանակ նշենք, որ «Ասելսան»-ը Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունից նման համակարգի մշակման պատվեր ստացել էր դեռևս 2009-ին։ Ու հայտնի չէ՝ արդյո՞ք նոր մրցույթի հայտարարումը կապված է «Ասելսան»-ի ձախողման, թե մրցակցային դաշտի հավասարության արտաքուստ ապահովման նպատակով։
Հավելենք նաև, որ 2012-ին Թուրքիան նույն «Ասելսան»-ին իջեցրել էր նաև թվով 4 ռազմական ինքնաթիռ ՌԷՊ կարիքներին համապատասխանեցնելու պատվեր։