ԱՄՆ, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ջիբութիի, Նիդեռլանդներ, Մավրիկիոսի, Մոզամբիկի զինված ուժերը հունվարի 28-ից փետրվարի 5-ը մասնակցելու են Աֆրիկայում ԱՄՆ զինված ուժերի կազմակերպած Cutlass Express-2015 ծովային զորավարժությանը, որն անցկացվելու է Աֆրիկայի արևելյան ափամերձ շրջաններում՝ Հնդկական օվկիանոսում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Զորավարժության նպատակը մասնակից երկրների զինված ուժերի համապատասխան զորամիավորումների՝ ծովահենության ու օրինազանց փախստականների դեմ համատեղ պայքարի կազմակերպման, էներգետիկ անվտանգության հարցերում համատեղ աշխատունակության փորձարկումն է։
Նշվում է նաև, որ Մավրիկիոսում հիմնվելու է «Ծովային գործողությունների կենտրոն», որի կազմում ընդգրկվելու են Թուրքիայի ռազմածովային ուժերի երկու շտաբային սպաներ, որոնք մասնակցելու են նաև անցկացվելիք զորավարժությանը։
Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերին ԱՄՆ-ի՝ Աֆրիկայում տեղակայված զինված ուժերի հրամանատարությունը, մասնակից երկրների հետ հստակեցրել էր անցկացվելիք զորավարժության ծրագիրը, անցկացման վայրը, նպատակը և մասնակից երկրների առաքելությունը։ Տարածած հայտարարությունում նշվում էր, որ անցկացվելիք զորավարժությունը Աֆրիկայում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմակերպած 6 զորավարժություններից մեկն է և նպատակ ունի նպաստել խաղաղության պահպանմանը աֆրիկյան ափերի երկայնքով։
Pingback: Թուրքիան ևս 1 տարով երկարաձգել է Ադենի ծովածոցում զորամիավորում տեղակայելու ժամկետը | Ռազմ.info