Մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ. ՊՆ

ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն՝ ս.թ հունիսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ ՀՀ գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Հավաք-պարապմունքները սկսվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Պետության նախապատրաստումը պաշտպանությանը» դասախոսությամբ:  Ողջունելով մասնակիցներին` ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են տալիս բազմապատկել ունեցած հաջողությունները և նվազեցնել առկա թերացումները: Իր դասախոսության ընթացքում պաշտպանության նախարարն արծարծել է երկու կարևորագույն հարց, առաջին` պետության պաշտպանության և ԶՈւ կազմակերպման հիմքերը, երկրորդ` պետության պաշտպանությանը բնակչության նախապատրաստման ուղղությունները: Դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանել է հավաքի մասնակիցների հարցերին:

«ՀԱՊԿ-ի դերը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Դասախոսության ընթացքում արծարծվել են նաև սեպտեմբերի ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և պատշաճ կազմակերպման խնդիրները:

Միջոցառման շրջանակներում դասախոսություններ կունենան ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ:

Հավաքների մասնակիցները կայցելեն նաև ՀՀ ԶՈւ զորամասեր, կմասնակցեն կրակային պատրաստության գործնական պարապմունքների:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *