Թուրքիայում «Հակաականային գործողությունների ազգային կենտրոն» են հիմնելու

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) գլխավոր հանձնաժողովը հունվարի 22-ին ընդունել է «Հակաականային գործողությունների ազգային կենտրոն հիմնելու և որոշ զինվորական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:

Ականազերծման աշխատանքներ Թուրքիայում

Ականազերծման աշխատանքներ Թուրքիայում

«Հակաականային գործողությունների ազգային կենտրոն» հիմնելու մասին օրենքի համաձայն՝ կենտրոնը ստեղծվելու է ականների կամ չպայթած զինամթերքի վտանգը չեզոքացնելու նպատակով, ինչի համար համագործակցելու է համապատասխան նախարարությունների, պետական այլ կառույցների և հիմնադրամների հետ։ «Հակաականային գործողությունների ազգային կենտրոնի» ծրագիրը ներկայացվելու է նախարարների խորհրդի հաստատմանը, ինչից հետո միայն այն կարող է կիրառվել:

Կենտրոնը ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման վերաբերյալ պարբերաբար պետք է հաշվետվություն ներկայացնի նախարարների խորհրդին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հրապարակային զեկույցներ ներկայացնի ու տեղեկացնի տվյալ տարածքի բնակչությանը կատարվող աշխատանքների մասին:

Կենտրոնում աշխատելու է մոտ 50 աշխատակից։ Կենտրոնի աշխատանքների համար նախատեսված տեխնիկան, սարքավորումները և վարժեցված կենդանիները, որ կներմուծվի արտասահմանից, կազատվի մաքսային հարկերից։

Նշենք, որ Թուրքիան հակահետևակային ականների վնասազերծման պարտավորություն է ստանձնել 2004-ին ՄԱԿ-ի «Հակահետևակային ականների արգելման համաձայնագիրը» ( Օտավայի պայմանագիր) վավերացնելուց հետո։ Համաձայնագրով սահմանված ժամկետներով՝ անդամակցելուց սկսած առավելագույնը 6 տարվա ընթացքում, պահեստներից պետք է վերացնի, իսկ 10 տարվա ընթացքում երկրի տարածքը պետք է մաքրի հակահետևակային ականներից։

Նախագծում նշված է, որ պահեստներում այլևս հակահետևակային ականներ չկան, Թուրքիան միչնև 2011 թվականն ավարտել է այդ աշխատանքները, իսկ թաղված ականները վնասազերծելու ժամկետը Թուրքիայի՝ ՄԱԿ-ին ներկայացրած  խնդրանքով երկարացվել է մինչև 2022 թվականը։

Հիշեցնենք, որ Թուրքիան 2014-ի դեկտեմբերին Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի (Նախիջևան) հետ սամանների՝ ընդահնուր թվով 225 ականապատ տարածքներում ականազերծում իրականացնելու նպատակով հայտարարել էր մրցույթ, որին մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպությունների թվում է նաև Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը՝ «ԱՆԱՄԱ»-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *