Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում հունվարի 21-ն հարցազրույց է տվել բրիտանական Independent և Times պարբերականներին՝ անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ տարվող պայքարին և Թուրքիայի տարածքով Եվրոպայից Սիրիա անցնող ծայրահեղականների խնդրին։
Հարցազրույցում նա մասնավորապես հայտարարել է, թե անչափ դժվար է կանգնեցնել Թուրքիայի տարածքով Սիրիա անցնող և «Իսլամական պետության» գրոհայինների շարքերը համալրող կամավորական ջիհադականներին, քանի որ 822 կմ երկարությամբ սահմանի ամեն անկյունում Թուրքիան չի կարող զինվոր կարգել, որպեսզի ամբողջապես հսկի այն, սահմանն էլ անհնար է փակել, քանի որ սահմանով Սիրիայից Թուրքիա են անցնում հազարավոր փախստականներ և փրկվում։ «Ամեն դեպքում սահմանից այն կողմ պետություն չկա»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունվարի 20-ին Լոնդոնում հանդիպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։ Քննարկումների ընթացքում նրանք հիմնական ուշադրությունը դարձրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարի խնդրին։
Դավութօղլուն հայտարարել է, որ անհնար է կանգնեցնել կամավոր ջիհադականների հոսքը դեպի Սիրիա, ինչից հետո Independent-ի լրագրողը նշել է՝ Թուրքիայի վարչապետը խոստովանում է այն փաստը, որ Թուրքիան չի կարող կանգնեցնել ջիհադականների անցումը Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա։
Դավութօղլուն հավելել է, Թուրքիան դեմ է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և «Իսլամական պետությանը», իսկ եթե ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան չի պատրաստվում ցամաքային զորքեր մտցնել, ապա «Իսլամական պետության» դեմ միակ հնարավոր արդյունավետ պայքարի ձևը սիրիական ընդդիմությանը զինելն է։
Այն հարցին, թե ինչը կամ ով է ծնունդ տվել «Իսլամական պետությանը»՝ Դավութօղլուն նշել է, որ ԻՊ-ին ծնունդ են տվել Իրաքի պատերազմը և 2003-ին ԱՄՆ-ի կողմից Իրաքի զավթումը, իսկ Թուրքիան ոչ մի կապ չունի այդ ամենի հետ։
Independent-ի լրագրողը հիշեցրել է այն փաստը, որ երբ «Իսլամական պետության» գրոհայինները հարձակվել էին սիրիական Քոբանիի վրա և հոկտեմբերին շատ մոտ էին քաղաքն ամբողջությամբ գրավելուն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քոբանիի պաշտպանողներին ահաբեկիչներ էր անվանում և հայտարարում էր, որ քաղաքում կռվող և քրդերի կյանքը պաշտպանող Քրդական Աշխատավորական Կուսակցության անդամներն էլ ԻՊ-ի պես ահաբեկիչներ են։ Սակայն որոշ ժամանակ անց համաձայնեց թույլատրել Փեշմերգեի 150 հոգանոց խմբին իր տարածքով անցնել և միանալ Քոբանին պաշտպանող ուժերին։
Հիշեցնենք, որ Թուրքիան երկար ժամանակ նույնիսկ չէր ցանկանում Փեշմերգեի ջոկատներին անցնել իր տարածքով և միայն ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների ճնշումներից հետո համաձայնեց գնալ այդ քայլին։
Դավութօղլուն հավելել է, որ եթե իրենք Սիրիայի հետ ունեցած սահմանը փակեն, այդ ժամանակ էլ Թուրքիային կսկսեն բարբարոս անվանել, քանի որ սահմանի այն կողմում հազարավոր մարդիկ կսպանվեն՝ զրկվելով Թուրքիա անցնելու հնարավորությունից։ «Մենք դա երբեք չենք անի» , ” հայտարարել է Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարները բազմիցս շեշտել են՝ չեն պատրաստվում փակել սահմանը, իսկ հսկել այն ամբողջությամբ՝ պարզապես անկարող են։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ Թուրքիայի տարածքով են Եվրոպայից բազմաթիվ ծայրահեղականներ անցնում Սիրիա և անդամակցում «Իսլամական պետությանը», իսկ ժամանակ առ ժամանակ էլ վերադառնում են իրենց երկրները ու այնտեղ են շարունակում ահաբեկչական գործունեություն ծավալել։
Հատկապես Ֆրանսիայում հունվարի սկզբին գրանցված ահաբեկչական գործողծողություններից հետո եվրոպական երկրները կրկին հայացքը դարձրեցին դեպի Թուրքիա՝ առաջարկելով կիսվել հետախուզական տվյալներով և հնարավորինս բացառել ահաբեկիչների ազատ տեղաշարժը Թուրքիայի տարածքով։
Նշենք, որ օրերս Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր՝ ԵՄ-ն որոշում է կայացրել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցություն սկսել Թուրքիայի և արաբական մի շարք երկրների հետ ու իրականացնել հետախուզական տվյալների փոխանակում։
Եվ չնայած այս ամենին ու այն հայտարարություններին, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել Եվրոպայի հետ՝ Թուրքիայի ղեկավարները շարունակում են հայտարարել որ չեն կարող վերահսկել ահաբեկիչների շարժն իրենց երկրով։
Pingback: Թուրքիայում հիմնվելու է ՆԳՆ-ին ենթակա սահմանապահ ծառայություն | Ռազմ.info