Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» 200 ահաբեկիչ

Հունվարի  21-ին  քրդական Փեշմերգեի կազմակերպած գործողության արդյունքում զոհվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության  200 զինյալ, և ազատագրվել 480 քառ. կմ տարածք: Գործողությունները սկսվել են Մոսուլ քաղաքի արևելքից և արևմուտքից. հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին:

Քրդական Փեշմերգե ջոկատների մարտիկներ

Քրդական Փեշմերգե ջոկատների մարտիկներ

Բարզանին հայտնել է, որ վերջին գործողության ժամանակ «Իսլամական պետության» դեմ կիրառվել են հակատանկային հրթիռներ ու հավելել, որ իրենք աջակցություն են ստացել ԻՊ դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայից, մասնավորապես Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Կանադայից:

Ահաբեկիչները  Փեշմերգեի ուժերին փորձել են դիմակայել ռումբերով բեռնված 14 ավտոմեքենաներով, որոնցից երեքը շարքից հանվել են միջազգային կոալիցիայի օդային հարավածներով, իսկ մյուսները՝ հակատանկային հրթիռներով. նշել է Բարզանին: Վերջինիս կարծիքով մարտերը դեռ շարունակվում են, քանի որ իրենց դեռ չի հաջողվում ԻՊ զինյալներին  փակուղի մտցնել. ահաբեկիչներն անընդհատ նահանջելու և թաքնելու տեղ են գտնում:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» (նախկին՝ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») իսլամիստական խմբավորումը 2014-ի հունիսի սկզբին սկսել էր Իրաքի հյուսիսային ու արևմտյան հատվածների խոշոր քաղաքների գրավումը։ Նրանց հաջողվել էր հանկարծակի գրոհների արդյունքում իրենց վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաքներ. հունիսի 10-ին գրավել էին Մոսուլը, հունիսի 11-ին՝ Տիգրիտը, մի քանի օր անց մոտեցել էին մայրաքաղաք Բաղդադին և սկսեցին նահանջել միայն օգոստոսին, երբ իրաքյան կողմին սկսեց աջակցել ԱՄՆ-ն՝ իսլամիստների դիրքերին հասցնելով ավիահարվածներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *