Թուրքիայի և Քաթարի արտգործնախարարները քննարկել են ռազմական համագործակցության ծրագրերը

Թուրքիան ու Քաթարը սկսել են ռազմական համագործակցության պայմանագրերի իրականացման աշխատանքները, ինչը նախատեսված էր 2014-ի դեկտեմբերին Քաթարի էմիրի ու Թուրքիայի նախագահի ստորագրած՝ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի մասին պայմանագրով: Այս մասին, ըստ Թուրքիայի ԱԳՆ կայքի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 20-ին՝ Քաթարի արտգործնախարարի և վարչապետի հետ հանդիպումներից հետո:

Թուրքիայի և Քաթարի արտգործնախարարները

Թուրքիայի և Քաթարի արտգործնախարարները

Չավուշօղլուն նշել է, որ Քաթարի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել՝ ավելացնելով, որ հանձնաժողովի առաջին նիստը կլինի մարտին, մայիսին քննարկում կանցկացվի արտգործնախարարների մակարդակով, իսկ տարվա ընթացքում արդեն Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության կոմիտեն կհիմնվի։

Մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Քաթարի իր գործընկերոջ հետ քննարկել է «Իսլամական պետության» հարցը և համատեղ պայքարի մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ խնդիրներն ավելի մանրամասն քննարկելու համար Քաթարի արտգործնախարարին հրավիրել է Թուրքիա։

Հանդիպման ընթացքում քննարվել են նաև առևտրատնտեսական հարաբերությունները, երկկողմ առևտրի ծավալները, ընկերությունների համագործակցությունը և առաջիկա տարիների ծրագրերն ու նախագծերը։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան կավելացնի իր ներդրումները Քաթարում։

Ավելացնենք, որ Չավուշօղլուն նախօրոք հայտարարել էր, որ Քաթարում հանդիպումներն ավարտելուց հետո պետք է այցելի Եմեն, սակայն մայրաքաղաք Սանայում տեղի ունեցող բախումների պատճառով չեղյալ է հայտարարել Եմեն այցը։ Նշենք նաև, որ ավելի վաղ 2015 թվականը հայտարարվել էր «Թուրքիա-Քաթար մշակութային համագործակցության» տարի։

Նշենք, որ Քաթարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014-ի դեկտեմբերի 20-ին ռազմական համագործակցության մի շարք պայմանագրեր են ստորագրել, այդ թվում նաև՝ «Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ» հիմնելու համաձայնագիր։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդներ հիմնել է 18 երկրի հետ, իսկ նախապատրաստություններն ավարտելուց հետո 19-րդ երկիրը կլինի Վրաստանը։

Հիշեցնենք, որ ռազմավարական համագործակցության խորհուրդ հիմնելու և 2015-ի առաջին կեսին համատեղ նիստ գումարելու ծրագրերի մասին Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները հայտարարել էին 2014-ի դեկտեմբերի 9-ին՝ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ։

2 responses to “Թուրքիայի և Քաթարի արտգործնախարարները քննարկել են ռազմական համագործակցության ծրագրերը

  1. Pingback: Թուրքիան կարող է ռազմական ուժեր տեղակայել Քաթարում | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան իրավունք է ստացել զինուժ տեղակայել Քաթարի տարածքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *