ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է Բրյուսել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏO-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստին, որը լինելու է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 21-ին: Այս մասի հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

Հավաքի մասնակիցները քննարկելու են Աֆղանստանում ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո առաջացած քաղաքական իրադրությունը, նոր առաքելության շրջանակում մասնակից երկրների անելիքներն ու նմանաբնույթ այլ հարցեր:

Ավելացնենք, որ 2015-ի հունվարի 1-ին ավարտվել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում ու նույն օրը սկսվել է «Վճռական աջակցություն» նոր առաքելությունը, որի նպատակը տեղական կառավարական ուժերին ահաբեկչության դեմ պայքարի համար մարզելն է:

Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Աֆղանստանում թողնել 9800 ամերիկացի զինծառայողներ, որոնք չեն մասնակցի մարտական գործողությունների, բայց հարկ եղած դեպքում հնարավորություն կունենան պաշտպանվել ու կվերապատրաստեն տեղի զինվորականներին ու ոստիկաններին։

Այլ երկրների հետ միջպետական համաձայնագրերով Աֆղանստանը թույլ է տվել երկրում մնալ արտերկրի ևս մոտ 3000 զինծառայողների, ովքեր նույնպես կզբաղվեն աֆղանստանցի ուժայինների վերապատրաստմամբ։

Հայաստանը նույնպես մասնակցում է նոր առաքելությանը, ու օրեր առաջ՝ հունվարի 12-ին, Հայաստանի խաղաղապահների 65 հոգանոց խումբը մեկնել է Գերմանիա, որպեսզի այնտեղ վերապատրաստվելուց հետո մեկնի Աֆղանստան՝ Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը պաշտպանելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *