Արցախի նախագահն ու արտգործնախարարն ընդունել են Անջեյ Կասպրշիկին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին՝ Բակո Սահակյանը նշել է, որ Բաքվի նման քաղաքականությունը վտանգում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ լուրջ հարված հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին:

Բակո Սահակյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը համապատասխան գնահատական տալու եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:

Հունվարի 19-ին Կասպրշիկին ընդունել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ:

Նույն օրը Կասպրշիկը հանդիպել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ: Արցախի ԱԳՆ կայքի համաձայն՝ բացի հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակից, կողմերը քննարկել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը

Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը

Անդրադարձել են հունվարի 14-ին զինված ուժերի շփման գծի՝ ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով ընդհատված պլանային դիտարկմանը։

Կարեն Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքների այդպիսի կոպիտ խախտումը իրավիճակի սրմանն ուղղված պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Զրուցակիցները երկուստեք կարևորել են շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *