Հունվարի 16-ին եղել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: 2014թ արդյունքների ամփոփմանը և 2015թ անելիքներին նվիրված նիստի ժամանակ Բակո Սահակյանն իր ելույթում անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու պաշտոնատար այլ անձինք:
2014 թվականին իրականացված աշխատանքները Բակո Սահակյանը գնահատել է բավարար: Նա ընդգծել է, որ խնդիրները, որոնք լուծում է Պաշտպանության բանակը, եղել են, կան և կմնան պետության համար ամենակարևոր ու առանցքային ուղղություններից:
Խոսելով այս տարվա անելիքների մասին՝ Բակո Սահակյանը հատուկ շեշտել է, որ 2015 թվականի քաղաքական օրացույցը բավականին հագեցած է համազգային և համապետական մի շարք կարևորագույն միջոցառումներով, որոնք լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն են պահանջելու նաև զինված ուժերից, հատկապես որ նման ժամանակահատվածներում զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը դարձել են հակառակորդի որդեգրած քաղաքականության հիմքերից մեկը:
Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամանատարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: