Սիրիա. մարտեր Դամասկոսում (վիդեո)

Ուրբաթ երեկոյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Քաբուն հյուսիսային արվարձանում ապստամբները հարձակվել են կառավարական զորքն ու Ասադին սատարող աշխարհազորայիններին տեղափոխող ավտոբուսների վրա։ Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ դեպքի վայրն այցելած ՄԱԿ դիտորդները տեսել են խանութների ջարդուփշուր արված ցուցափեղկեր, շինությունների վրա նռնականետներով հրետակոծման հետքեր, ինչպես նաև հրկիզած վեց ավտոբուսներ ու կառավարական զորքերի սպանված մարտիկի դիակ։  Ապստամբների խոսքերով, ի պատասխան այդ հարձակման, կառավարական զորքերը գնդակոծել են Քաբունը, այնուհետև զրահամեքենաներով մուտք գործել այնտեղ։

Հաղորդվում է նաև վերջին երեք օրերին Դամասկոսի Բարզեհ և Մեցե թաղամասերում կառավարական զորքերի փոխադրամիջոցների և անցակետերի վրա հարձակումների մասին։ Ավելի ուշ ապստամբները հաղորդել են նաև, որ կառավարական ուժերը ռմբակոծել են Հոմս քաղաքը, որի հետևանքով 35 մարդ է զոհվել:

Միավորված ընդդիմության բացակայությունը մտահոգում է Արևմուտքին, քանի որ դա կարող է հանգեցնել երկարատև քաղաքացիական պատերազմի բռնկման:

Սիրիական ընդդիմադիրներին միավորող Ազգային խորհուրդը գործում է արտասահմանից և նրա ազդեցությունը սահմանափակ է: Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հունիսի 10-ին երեք ամիս ժամկետով Ազգային խորհրդի ղեկավար է ընտրվել քուրդ ակտիվիստ Աբդել-Բասեթ Սիդան (Abdelbasset Sida): Նա երկար տարիներ ապրել է Շվեդիայում և փոխարինել է Բուրհան Ղալունին (Burhan Ghalioun): Վերջինս, ստեղծման օրից` 2011թ. օգոստոսից ղեկավարում էր Ազգային խորհուրդը:

ՄԱԿ դիտորդները զննում են մարտի վայրը

ՄԱԿ դիտորդները զննում են մարտի վայրը

ՄԱԿ-ի տվյալներով հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 12 հազար մարդ, շուրջ 230 հազար լքել է իր բնակավայրը և մոտ կես միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի:

Ռուսաստանը և Չինաստանը բազմիցս հայտարարել են, որ սիրիական հակամարտությունում թույլ չեն տա արտաքին ռազմական միջամտություն: ՄԱԿ-ի ԱԽ նմանատիպ որոշումների վրա Մոսկվան և Պեկինը վետո են դնում: Քաղաքագետ Գեորգի Միրսկին, այնուամենայնիվ, չի բացառում լիբիական տարբերակի կրկնության հնարավորությունը: Ըստ նրա` ապստամբները հույս ունեն, որ վաղ թե ուշ Արևմուտքը օգնության կհասնի:

«Այսինքն, լիբիական սցենարի ինչ-որ տարբերակ չի բացառվում: Սկզբում կստեղծվի անվտանգության գոտի, որտեղ կկենտրոնանան կրակից փախչող քաղաքացիական անձինք: Այնտեղ կամրանան նաև, այսպես կոչված, Սիրիայի ազատագրության բանակի մարտիկները: Բաշար Ասադը ստիպված կհարվածի նրանց` հասկանալով, որ դա հենարան է դառնում ապստամբների համար: Ընդդիմությունը կդիմի ՄԱԿ-ին, որը, սակայն ոչինչ չի կարողանա անել, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը իրենց դիրքորոշումում հաստատակամ են, և օդային աջակցություն կխնդրեն ՆԱՏՕ-ից: Իսկ երբ արևմտյան օդուժը սկսի ռմբակոծությունը, պատերազմի մեջ կներքաշվի Իրանը»,— կարծում է փորձագետը:

Իսկ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական հետազոտությունների կենտրոնի փարձագետ Բորիս Դոլգովը գտնում է, որ սիրիական ընդդիմության միակ նպատակը երկրում իրադրության վերջնական ապակայունացումն է: «Պետք է ասել, որ հակապետական այդ զինված խմբավորումները Սիրիայում ապակայունացնող հիմնական ուժն են. բնակչությունը նրանց չի աջակցում: Մենք տեսել ենք դա 2012թ. հունվարին` Սիրիա կատարած մեր այցի ժամանակ: Բնակչության մեծամասնությունն աջակցում է Սիրիայի ղեկավարությանը և այն միջոցառումներին, որոնք իրականացնում է կառավարությունը: Դա և նոր Սահմանադրության, և խորհրդարանի ընտրությունն է: Իսկ ընդդիմության հույսը Բաշար Ասադի վարչակարգի զինված ճանապարհով տապալումն է. քաղաքական ճանապարհը նրանց համար ընդունելի չէ»,— ասում է փորձագետը:

Հունիսի 10-ին իրանական FARS լրատվական գործակալությունը, հղում անելով սիրիական DamPress կայքին, տեղեկություն է տարածել, որ ահաբեկչական խմբերը զինված են քիմիական զենքով, որի օգտագործման համար հատուկ վարժանքներ են անցել Թուրքիայում: Զենքը սիրիական ընդդիմության զինյալները ստացել են Լիբիայից: Գործակալությունը նշել է նաև, որ ԶԼՄ-ներում վերջերս հաճախակի են դարձել հրապարակումներն այն մասին, որ կառավարական ուժերը կարող են քիմիական զենք կիրառեն: Այս տեղեկությունների տարածումը զինյալներին թույլ կտա օգտագործել զենքը, այնուհետև մեղադրել կառավարությանը:

Աղբյուրը նշում է, որ մի քանի բնակավայրերում ահաբեկիչները սպանել են քաղաքացիական բնակիչների` այնուհետև կառավարությանը մեղադրելով հանցագործությունների մեջ: Այդ գործում իրենց դերակատարությունն են ունենում արևմտյան լրատվամիջոցները, որոնք, չսպասելով հետաքննության ավարտին, Բաշար Ասադի վարչակարգին մեղադրում են սպանություններ կազմակերպելու համար: Իսկ այն քիչ դեպքերում, երբ ներկայացվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոշ ժամանակ անց պարզվում է, որ դրանք կեղծված կամ աղավաղված են:

Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամմեդ Մարադին հայտնում է, որ Սիրիայում տեղի ունեցող հանցագործությունների և սպանությունների համար մեղավոր է Արևմուտքը և Սաուդյան Արաբիան: «Ամեն անգամ, երբ Սիրիայում տեղի է ունենում ահաբեկչություն, մահապարտ ահաբեկիչները ռումբ են պայթեցնում, արևմտյան լրատվամիջոցները և արևմտյան կառավարությունները մեղադրում են Սիրիայի իշխանությանը` դրանով խրախուսելով Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ահաբեկիչներին նորանոր գործողությունների դիմելու, քանի որ պատասխանատվության չեն ենթարկվելու»,- ասում է պրոֆեսորը:

Լրատվամիջոցների կանխակալ վերաբերմունքի ցայտուն վկայությունն է BBC հեռուստաընկերության տարածած սպանված երեխաների լուսանկարը, որն արվել էր 2003թ. Իրաքում, որը ներկայացվել էր որպես սիրիական Հոուլա քաղաքում տեղի ունեցած իրադարձություն:

Լուսանկարի հեղինակը` իտալացի Մարկո դի Լաուրոն հայտնել էր, որ ինքը զարմացել էր, երբ այն հայտնաբերել էր BBC-ի կայքում: «Ինչ-որ մեկն օգտագործել էր իմ լուսանկարը հակասիրիական քարոզչություն իրականացնելու համար»,- ասել էր լուսանկարիչը:

Կայքը նշում է նաև, որ մոտ 2 ամիս առաջ ընդդիմության զինյալները հայտնում էին ռազմամթերքի սակավության մասին, սակայն այժմ նշում են, որ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Պարսից ծոցի այլ պետությունների միլիոնավոր դոլարների աջակցության պայմաններում այն զգալիորեն ավելացել է:

Աղբյուրներ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *