Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինին։ Վերջինս տեղեկացրել է, որ Ռուսաստանի ՊՆ հանձնաժողովն ավարտել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ներքին ծառայողական քննության աշխատանքները և բոլոր մեղավորները բացահայտվել են, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Բանակի գեներալ Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայից փախած ժամկետային զինծառայող, Պերմյակով Վալերի Պավլովիչը հունվարի 12-ին սպանել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վերավորել 6 ամսական երեխային ու փախել։
ՀՀ Ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել , ՀՀ Քննչական կոմիտեում հարուցել էր քրեական գործ:
Պերմյակովը հունվարի 13-ին հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու ու Թուրքիա անցնելու փորձի ժամանակ։ Զորամասից փախած զինծառայողին բռնել են Բայանդուր գյուղի ուղղությամբ ծառայություն իրականացնող սահմանապահները։ Նույն օրը Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքն ու խոստովանել հանցանքը: