Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենի գլխավորած պատվիրակությունը հունվարի 11-ին այցելել է Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ և հադիպել ինքնավարության ղեկավար Մասսուդ Բարզանիի հետ, hայտնում է քրդական Rudaw լրատավական կայքը:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բարզանին, շնորհակալություն հայտնելով Գերմանիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար, նշել է, որ վերջինիս տրամադրած զենքերն ու կազմակերպած մարզումները մեծապես նպաստել են քրդական Փեշմերգեի հաջողություններին և հավելել, որ իրենք սկսել են Փեշմերգեի ուժերի՝ մեկ միասնական ազգային բանակի մեջ միավորելու գործընթացը:
Լեյենն իր հերթին խոստացել է ավելի շատ զենք տրամադրել քրդական ուժերին, ինչպես նաև ուղարկել ևս 100 զինվորական՝ Փեշմերգեի ուժերին մարզելու և խորհրդատվություն տրամադրելու համար: Գերմանիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ միջազգային կոալիցան (ստեղծվել է ԱՄՆ-ի գլխավորությամբ 2014-ի սեպտեմբերին) Իրաքի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ուժերի կողքին է:
Ուրսուլա վոն դեր Լեյենի՝ Քրդական ինքնավարություն կատարած նախորդ այցը եղել էր 2014-ի սեպտեմբերին:
Նշենք, որ Գերմանիան ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի ամենաակտիվ անդամներից է, և դեռևս 2014-ի օգոստոսին գերմանական կառավարությունը որոշում էր կայացրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կռվող քրդական Փեշմերգե զորաջոկատներին 70 միլիոն եվրոյի (շուրջ 92 միլիոն դոլար) սպառազինություն, զենք և զինամթերք մատակարարել:
Pingback: Շվեդիան և Ֆինլանդիան կարող են զորախմբեր ուղարկել Իրաք՝ Փեշմերգեի ջոկատներ մարզելու համար | Ռազմ.info